Կորոնավիրուսային համավարակը չի խոչընդոտում Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը: Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հավանությանն է արժանացել «Կարբի համայնքում ՏՏ դպրոցի և ուսումնական կենտրոնի հիմնադրման համար շինության ձեռքբերում» ծրագիրը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
«ՏՏ ոլորտում հաջողություններ նվաճած կարբեցիները հնարավորություն կունենան հենց իրենց համայնքում զարգացնել գիտելիքները՝ վեբ ծրագրավորման, հավելվածների ու կայքերի ստեղծման, ինչպես նաև ոլորտային այլ դասընթացների շնորհիվ:
ՏՏ դպրոցը նախատեսված է լինելու շուրջ 100 աշակերտի համար: Ընդունվել կարող են ոչ միայն Կարբի համայնքի, այլև մյուս համայնքների` ինֆորմացիոն տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն ունեցողները:
Շինությունը ձեռք բերելուց հետո այն կկահավորվի ժամանակակից չափանիշներին համապատասխան, ուսումնական պլանը ևս կմշակվի ըստ ոլորտում առկա ստանդարտների:
Մի հատվածը առանձնացած է լինելու մշակութային գործունեության համար, որտեղ տեղակայվելու է նաև գրադարան:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության (40%) և Կարբի համայնքի (60%) համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված և հավանության արժանացած մյուս ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը»,- գրել է մարզպետը: