ԱԺ տարածաշրջանային և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրեց, որ 2019 թվականին համաձայնագիրը ստորագրվել է Նուր-Սուլթանում: Տեղեկացրեց, որ այն նախատեսում է Եվրասիական տնտեսական միության մի երկրից մյուսն ապրանքների տեղափոխման օրինականությունն ապահովել հետագծելիության համակարգով:
Փաշայանն ասաց, որ հետագծելիությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված ցանկերով: «Համաձայնագրի գործողությունը չի տարածվում հետագծելիության ենթակա այն ապրանքների վրա, որոնք իրացվել են մանրածախ առևտրում: Եթե ապրանքը վաճառվել է մանրածախ առևտրում, այդ պահից դրա հետագծելիության համակարգը դադարում է: Համաձայնագրի գործողությունը չի տարածվում նաև ԵԱՏՄ տարածքում վերամշակման արդյուքնում ստացված ապրանքների նկատմամբ, որոնց ներմուծումն ու օգտագործումն իրականացվում են ֆիզիկական անձանց կողմից՝ անձնական օգտագործման նպատակով»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Հետագծելիության ազգային համակարգը ապահովելու է նաև ապրանքների հաշվառում՝ յուրաքանչյուր ուղեկցող փաստաթղթի փոխկապակցվածությամբ նախորդ ուղեկցվող փաստաթղթի հետ: Համակարգը կառուցված է հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային շարժով: