Ժխտել չեմ կարող՝ որոշակի թերություններ եղել են՝ թե՛ կազմակերպչական, թե՛ իրավիճակը չկանխատեսելու առումով: «Լուրեր»-ի հետ զրույցում անդրադառնալով Գավառում տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը:
Նա նշեց, որ իր կողմից հանձնարարականները վերաբերել են անձնակազմի զգոնության բարձրացմանը, տարածքային մարմիններում օպերատիվ տեղեկություն ստանալու հետ կապված հարցերին:
Ա.Սարգսյանն ասաց, որ միջադեպից հետո արդեն մեկ պաշտոնանկություն է եղել է՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է մարզային վարչության պետը: Նրա խոսքով՝ այդ դեպքով նշանակված է նաև ծառայողական քննություն, արդյունքները շուտով կհրապարակվեն:
«Սա պետք է առիթ հանդիսանա, որ մենք վերանայենք մեր գործողությունները նման իրավիճակներում: Գավառի միջադեպի հետ կապված գույները խտացվեցին, իրականությունից դուրս տեղեկություններ տարածվեցին, ինչը նպաստեց, որ նման բացասական գնահատականներ հնչեն»,- նշեց ոստիկանապետը: