ԱԺ տարածաշրջանային և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Հիշեցնենք, որ այն նախատեսում է Եվրասիական տնտեսական միության մի երկրից մյուսն ապրանքների տեղափոխման օրինականութունն ապահովել հետագծելիության համակարգով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը հետաքրքրվեց՝ եթե Հայաստան է ներմուծվել ապրանք, որը հետագայում արտահանվում է, օրինակ՝ Ղազախստան, այնտեղից էլ՝ Ռուսաստան, e-Invoicing համակարգով դուրս է գրվում հայերեն, ապա արտահանող երկի՞րն է հետո պատասխանատու թարգմանության համար, որ, օրինակ, հասնի Ղազախստան:
ՊԵԿ նախագահի տեղեկալը նախ ներկայացրեց, որ 2018 թվականին նախաձեռնել ու ԵԱՏՄ են ուղարկել նախաձեռնություն, որն առնչվում է ուղեկցող փաստաթղթերի փոխճանաչմանը: Մի քանի փուլով ներկայացրել են, թե որքան թղթաբանություն կկրճատվի: Օրինակ՝ ավելացված արժեքի վերադարձի գործընթացը 180 օրվանից կդառնա 2 վայրկյան: «Այսինքն՝ ՀՀ տնտեսվարողը, որն արտահանում է ապրանք ԵԱՏՄ անդամ երկիր, հարկային հաշիվը դուրս է գրում մի քանի րոպեի ընթացքում, ու գործարքը հաստատվում է, կնքվում է այնտեղ»,- տեղեկացրեց Փաշայանը՝ ասելով, որ այժմ փնտրում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, որը կհամագործակցի Հայաստանի հետ, որի հետ գործակցելով՝ կարվի պիլոտ, և ցույց կտան մնացած երկրներին, որ այդ համակարգը պետք է ներդնել:
Անդրադառնալով հետագծելիության մեխանիզմի համաձայնագրի վերաբերյալ պատգամավորի հարցին՝ Փաշայանը նշեց, որ մեխանիզմը լինելու է նման ձևով՝ փոխճանաչելիության սկզբունքի հիման վրա: Ալեքսեյ Սանդիկովն էլ արձագանքեց՝ կարծում է, եթե այդ համակարգը ներդրվի, ապա Վերին Լարսի ծանրաբեռնվածության հարցն էլ մի քանի անգամ կթեթևանա, և բեռների լրացուցիչ զննման կարիք չի լինի:
Փաշայանը վերահաստատեց՝ ասելով, որ իրենք պատրաստ են ցանկացած ռիսկային կառավարման համակարգի, էլեկտրոնային խելացի համակարգի, փոխճանաչելիության, միայն Վերին Լարսի անցակետում չլինեն կանգնածներ: