«Մեր նախնական հաշվարկներով՝ այս արտոնությունը մեկ տարով երկարացնելու պարագայում որոշ պարենային և արդյունաբերական նշանակության ապրանքների գները միջինում կնվազեն 3 տոկոսով: Հայաստանի տնտեսվարողներն առնվազն կտնտեսեն մոտ 30 միլիոն դոլար»,- ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Խոսքը ԵԱՏՄ շրջանակում երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորության մասին է:
Սիմոնյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացնում էր ՀՀ-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու նախագիծը:
Սիմոնյանը հիշեցրեց, որ համաձայնագրին կցված արձանագրության համաձայն՝ Հայաստանը ստանձնել էր որոշակի պարտավորություններ և ձեռք էր բերել պարտավորություն ներմուծման ընթացակարգերով Հայաստանի ներքին սպառման համար 5 տարով ունենալ արտոնյալ մաքսատուրքեր: Այդ արտոնություններն ավատվում էին 2020 թվականի հունվարի 1-ին: Փոխնախարարն ասաց, որ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ երկրների ղեկավարների կողմից որոշում կայացվեց, որ ՀՀ-ի արտոնությունները 2020 թվականին ևս 1 տարով երկարաձգվեն:
Փոխնախարարն ասաց, որ ընդհանուր առմամբ 5 տարով արտոնյալ մաքսատուրքերով 930 ապարանքատեսակներից մոտ 293-ը 87 ապրանքային խմբին դասվող տրանսպորտային միջոցներն են: Սիմոնյանը տեղեկացրեց, որ դրանք չեն ընդգրկվել այս արձանագրության փոփոխության մեջ: «Այսինքն՝ արտոնությունների երկարաձգումը մեկ տարով չի ենթադրում, որ տրանսպորտային միջոցները կունենան նույն արտոնությունները: Ընդհանուր առմամբ, 647 ապրանքատեսակի համար ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով»,- ասաց Սիմոնյանը:
Նա նաև ներկայացրեց, որ խոսքը սպառողական զամբյուղի ու արտադրական նշանակության ապրանքների մասին է: Օրինակ, ընտանի թռչնի միսը, կարագը, սառեցված խոշոր եղջերավոր անասունի միսը: Սիմոնյանը նշեց, որ արտոնությունը մեկ տարով երկարացնելու պարագայում տնտեսվարողներն այն ռեսուրսը, որը պետք է վճարեին որպես մաքսատուրք, արդեն իսկ ավելացված ձևով կուղղեն իրենց բիզնեսի զարգացմանը: Տեղեկացրեց նաև, որ, ըստ նախնական հաշվարկի, 30 մլն-ից 1.22 տոկոսն է գնալու պետբյուջե: Ընդգծեց նաև, որ արձանագրությունը տարածվելու է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Այս պահին քննարկումներ են, թե ինչ վարչարարություն և մեխանիզմներ պետք է կիրառվեն: