«Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրի՛ս, եղբա՛յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»,- մի առիթով ասել է աշխարհահռչակ հայերից մեկը՝ Վիլյամ Սարոյանը, աշխարհահռչակ մեկ այլ հայի՝ Ազնավուրի մասին:
Մինչև կյանքի վերջին օրը բարձրախոսը վայր չդրած շանսոնյեն՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Շառլ Ազնավուրը, այսօր կդառնար 96 տարեկան:
«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ. «Մի՛ համառեք», «Ոչինչ չունենք Ձեզ համար», «Թողե՛ք Ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել՝ դիմանալու, պայքարելու համար…»,- ասել է ֆրանսահայ երգիչ-երգահանը՝ 1924 թվականի մայիսի 22-ին Ֆրանսիայում՝ հայ գաղթականների ընտանիքում ծնված Շառլը:
«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել,- թող դա ինքնագովություն չթվա,- ես ինձ դուր եմ գալիս: Ես չեմ պարծենում, սակայն, ընդունեք, որ ներգաղթյալի որդու համար վատ չէ…»:
100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ Շառլը պետք է ունենար Շահնուր Վաղինակ Ազնավուրյան անուն-ազգանունը, բայց ծննդատան աշխատակցի՝ հայկական անունը դժվար արտասանելու և այն ավելի ֆրանսիական դարձնելու արդյունքում նա ծնվեց Շառլ անվամբ:
Ազնավուրի մայրը` Քնարը, Արևմտյան Հայաստանից էր, վաճառականի ընտանիքից, հայրը` Միշա (Միքայել) Ազնավուրյանը, ծնվել է Ախալցխայում՝ Ջավախքում: Ասում են, որ Ազնավուրի պապը եղել է Նիկոլայ II-ի խոհարարը: Ֆրանսիայում էլ Ազնավուրյանները փոքրիկ պանդոկ ունեին:
Ինը տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմում, 1936-ից դեբյուտ է ունենում կինոում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիկայի կենտրոնական դպրոց, բայց արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը:
Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը, և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե:
Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը եղավ ամենագլխավոր ազդակը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում: Նա սովորեց Պիաֆից այն ամենը, ինչ հնարավոր էր իմանալ շանսոնյեի արվեստի մասին:
Ազնավուրի ու Էդիտ Պիաֆի կապի մասին շատ է խոսվել: Նշվում է, որ Ազնավուրը մոտ 8 տարի վայելել է Պիաֆի հովանավորությունը: Էդիտ Պիաֆն այն առաջին մարդկանցից էր, ովքեր փոքրամարմին երիտասարդ Ազնավուրի մեջ նկատում են իրական տաղանդը:
Ինքը` Ազնավուրը, պատմում է, որ ժամանակին բարդույթավորվել է իր նիհար կառուցվածքից ու մեծ քթից, իսկ Պիաֆը ազատել է նրան այդ բարդույթներից:
«Կարծում եմ՝ հենց նա ինձ ֆրանսիացի դարձրեց»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Շառլ Ազնավուրը:
Բայց նրա կյանքի մեծ սերը շվեդուհի, իրենից 20 տարով փոքր Ուլլա Թորսելն էր:
Բուռն սիրավեպից հետո նրանք ամուսնացան 1967-ին, ունեցան երեք զավակ։ Մինչև Շառլի վերջին շունչը Ուլլան նրա կողքին էր…
Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, որոնք կատարել են ինքը, Րեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում, այն թվում նաև «Թեհրան-43» սովետական ֆիլմում:
Վաճառելով ավելի քան 100 մլն ձայնասկավառակ՝ Ազնավուրը դառնում է ֆրանսերեն սիրո մասին երգող երգիչների արքա, ինչպես Էլվիս Փրեսլին՝ անգլերեն, և Խուլիո Իգլեսիասը՝ իսպաներեն երգողների:
Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ էր: Ամբողջ կյանքը ապրելով Ֆրանսիայում՝ Ազնավուրը երբեք չէր մոռանում, որ հայ է: Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրում է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ընկերությունը և կազմակերպում մի քանի միջոցառում տուժածների համար օգնություն հավաքելու նպատակով, մասնավորապես, շուրջ 90 ֆրանսիացի երգիչներ ու դերասաններ մասնակցեցին «Քեզ համար, Հայաստան» տեսահոլովակի նկարահանմանը, որը վաճառվեց ռեկորդային քանակությամբ՝ 2 մլն:
Մեծագույն հայը կյանքից հեռացավ 2018 թ. հոկտեմբերի 1-ին՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից օրեր առաջ: