Որոշել եմ պատմել կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին՝ Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկը արյան՝ թթվածնով հագեցվածությունն է կամ, ինչպես բժիշկներն են ասում, թթվածնի սատուրացիան (SpO2):
Այն նորմայում պետք է լինի 95%-ից բարձր, և դա նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումը արյան մեջ տեղի է ունենում բավարար քանակով, և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում:
Երբ կորոնոավիրուսի պատճառով առաջանում է թոքաբորբ, և թոքերի մի հատվածը դուրս է մնում թթվածնի փոխանակման գործընթացից, սատուրացիան սկսում է անկում ապրել: Ինչքան սատուրացիան ցածր է, այնքան թոքային հյուսվածքի ախտահարման ծավալը մեծ է, և պացիենտի վիճակը ծանր է:
Հենց սատուրացիան բարձրացնելու համար են բժիշկները պացիենտներին թթվածնաթերապիա անում՝ սկզբում սովորական դիմակով շնչեցնելով, իսկ ավելի ծանր դեպքերում՝ թոքերի ոչ ինվազիվ և ինվազիվ արհեստական օդափոխություն միացնելով:
Այս ցուցանիշը մեր բոլոր պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի առողջական վիճակի փոփոխության ուղղությունը` բարելավում կամ վատթարացում, և համապատասխան միջամտություններ կատարվեն։
Հ.Գ.- Բարեբախտաբար, իմ դեպքում թթվածնի սատուրացիան դեռ 98% է: