2020 թվականի մայիսի 22-ը «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ և հումանիստ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. այսօր նա կնշեր իր 96-ամյակը: Յուրաքանչյուր տարի այս նշանակալի օրվա կապակցությամբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, մշակութային և կրթական հաստատությունների անվանափոխություն: Այնուամենայնիվ, այս տարի համաշխարհային իրավիճակը արտիստի ծննդյան օրը տոնելու նոր ձևաչափ է թելադրում, և «Ազնավուր» հիմնադրամը ուրախ է ձեզ ներկայացնել մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ, որոնց կարող եք միանալ առցանց:
Առցանց համերգ՝ համաշխարհային արտիստների մասնակցությամբ
Մայիսի 22, 2020 / Երևանի ժամանակով 21:00 (Փարիզի ժամանակով 19:00)
Այս ուրբաթ «Ազնավուր» հիմնադրամը արտիստի բոլոր երկրպագուներին հրավիրում է միասին տոնելու մեծ արտիստի ծննդյան օրը:
Վիրտուալ ճանապարհորդության ընթացքում դուք կարող եք մասնակցել Շառլ Ազնավուրին նվիրված գեղեցիկ համերգին, որի ընթացքում հնարավորություն կունենաք լսելու արտիստի տարբեր ստեղծագործություններ: Բաց մի՛ թողեք Շառլ Ազնավուրի երգերի ուղեկցությամբ ընտանիքի հետ երեկոն անցկացնելու այս հիանալի առիթը:
Համերգի կազմակերպիչն է «Ֆրանկ Էվենըման» ընկերությունը (Մարսել, Ֆրանսիա): Մասնակցում են այնպիսի անվանի երգիչներ, ինչպիսիք են Հելեն Սեգարան, Ֆրեդերիկ Զեյթունը, Ժոանա Մանդիլը, Նարինե Դովլաթյանը, Ժերար Ֆերեն, Ամանդին Բուրժուան, Նաեստրոն, Միշել Լեեբը և այլք։
Համերգի անոնս-հոլովակը և պաստառը կարող եք ներբեռնել այստեղ՝
https://www.dropbox.com/sh/ruvcxi0u9r6jct5/AADNza4y5qGSg1v6WYEYlAD0a?dl=0
---------------
Հիմնադրամի եզակի նախագծերի ներկայացում նոր գործարկված կայքում
Շառլ Ազնավուրի և նրա որդու՝ Նիկոլա Ազնավուրի ստեղծած Հիմնադրամի հիմնական նպատակն է շարունակել մի շարք կրթական, մշակութային և սոցիալական նախագծերի իրականացումը, որոնք արտիստը նախաձեռնել էր դեռ մի քանի տասնամյակ առաջ: Հիմնադրամի առաքելության մեկ այլ հիմնական բաղադրիչն է Շառլ Ազնավուրի մշակութային և մարդասիրական արժեքների պահպանումն ու տարածումը:
Հիմնադրամի նոր կայքը հնարավորություն է տալիս ծանոթանալու Ազնավուրի կենսագրության պակաս հայտնի փաստերին, բացահայտել նրա արժեքներն ու փիլիսոփայությունը, ինչպես նաև երաժշտության, կինոյի և գրականության ոլորտներում կատարած հսկայածավալ աշխատանքը:
Այն նաև եզակի հարթակ է, որը հնարավորություն կտա այցելուներին հետևել ամբողջ աշխարհում «Ազնավուր» հիմնադրամի գործունեության մասին նորություններին՝ ներառյալ նախագծերի առաջընթացի մասին հաշվետվությունները և տեղեկություններ առ այն, թե ինչպես ներգրավվել հիմնադրամի առաքելության և աշխատանքի մեջ: Շատ շուտով կայքը հասանելի կլինի նաև հայերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով:
Այցելեք մեր նոր կայք, բաժանորդագրվեք նորություններին, մեզ ուղարկեք ձեր կարծիքը և միացեք Հիմնադրամի առաքելությանը՝ անցնելով հետևյալ հղումով՝ www.aznavourfoundation.org
Վերաբնակեցման ծրագիր՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար
Նոր բնակարան՝ Մալխասյանների մեծ ընտանիքին
Շառլ Ազնավուրը հայտնի է նաև իր բարեգործական լայնածավալ աշխատանքով: Նրա մարդասիրական ջանքերի սկիզբը դրվել է 1988-ի դեկտեմբերի 7-ին, երբ Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: «Pour toi Arménie» հիթի շնորհիվ Ազնավուրը մեծ թվով արտիստների և բարերարների կարողացավ համախմբել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ հավաքված միջոցներն ուղղելով տուժած բնակչության կարիքները հոգալուն։ Ազնավուրը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև քաղցկեղի և Ալցհայմերի հիվանդության դեմ պայքարում, և, ի թիվս այլ օժանդակությունների, զգալի օգնություն է հատկացրել Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերին:
Հավատարիմ մնալով հասարակության խոցելի խմբերին աջակցելու իր առաքելությանը՝ «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է երկրաշարժից տուժած և մինչ այժմ ժամանակավոր կացության համար նախատեսված տնակներում ապրող ընտանիքների վերաբնակեցման նախագիծը: Հիմնադրամի գործունեության շնորհիվ 2018 թվականից ի վեր շուրջ 100 մարդ արդեն տեղափոխվել է նոր բնակարան:
Ուրախ ենք հայտնել, որ Շառլ Ազնավուրի ծննդյան նախօրեին, հարգանքի տուրք մատուցելով նրա մարդասիրական ժառանգությանը, «Ազնավուր» հիմնադրամը և մեկ անանուն բարերար Մալխասյանների ընտանիքին Գյումրիում նոր բնակարան են նվիրել:
Այս պատմության մանրամասներին կարող եք ծանոթանալ և ընտանիքի վերաբնակեցման տեսնայութը կարող եք ներբեռնել (ինչպես նաև օգտագործել ձեր հրապարակումներում) հետևյալ հղումով՝ https://www.dropbox.com/sh/azkum17hh5absay/AABrNEKK_WqVL_AGquQyoelEa?dl=0