Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին:
Ըստ հիմնավորման, առաջարկվում է՝ այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ: Հանրաքվեն վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Նախագծով նախատեսված է, որ արտակարգ կամ ռազմական դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի:
Վերսկսված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվա և քվեարկության օրվա միջև ժամանակահատվածը չի կարող պակաս լինել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի կասեցման օրվանից մինչև քվեարկության օրն ընկած ժամանակահատվածից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը՝ պայմանավորված վերսկսված հանրաքվեի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ և սահմանելու վերսկսված հանրաքվեի գործընթացի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց:
Նշենք, որ սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տվյալ դեպքում հարկավոր է 80 պատգամավոր: