Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Կառավարության 2019 թ. փետրվարի 28-ի այն որոշումը, որը կարգավորում է Կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում գնումների շրջանակում մթերումների կամ գնումների աջակցությունը:
Նշեց, որ մինչև այսօր այդ որոշման տիրույթը չի ներառում այն դեպքերը, երբ սպանդանոցները կարող են կատարել գյուղատնտեսական կենդանիների գնումներ։ Առաջարկվող նախագիծը Կառավարության հավանությանն արժանացավ, որով նախատեսվում է ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի գումարն ավելի շուտ հասնի գյուղացուն:
«Նախատեսվում է այսուհետև թույլ տալ, որ այդ աջակցության գործիքը կիրառվի նաև սպանդանոցներին վարկային սահմանաչափեր տալու համար: Սա Կառավարության կողմից 1.5 տարով 0 տոկոսով շրջանառու միջոցների հատկացման առաջարկ է: Մենք որոշել ենք կապել այս աջակցության սահմանաչափը սպանդանոցների հզորության հետ: Կախված այն հանգամանքից, թե որքան հզորություն ունի այդ սպանդանոցը, քանի կենդանու համար է նախատեսված՝ ավելի փոփոխական բարձր կամ ցածր կլինի սահմանաչափը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Խաչատրյանը տեղեկացրեց, որ մեկ խոշեր եղջերավոր կենդանու սպանդ կազմակերպելու համար անհրաժեշտ է մոտավորապես 15 քմ տարածք: Առաջարկել են վարկային սահմանաչափը կապել այդ մեծության հետ, և յուրաքանչյուր 15 քմ հաշվով սահմանել 2 միլիոն դրամ սահմանչափ:
«Յուրաքանչյուր մեկ կենդանու սպանդի համար նախատեսված հզորության դիմաց կազմակերպությունը կստանա 2 միլիոն դրամ, որը 7 օր ամբողջ հզորությամբ աշխատելու համար բավարար ժամանակն է: Եթե 10 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար է նախատեսված այդ սպանդանոցը, ունի 150 քմ և 20 միլիոն դրամ սահմանաչափ՝ մեր մոտավոր հաշվարկներով իր վարկային սահմանաչափի շրջանակում անտոկոս շրջանառու միջոցների հաշվին կկարողանա շաբաթվա ընթացքում մինչև 70 կենդանի գնել: Հետո դա վաճառելով կստանա այդ գումարները, որ այն պահին, երբ գնումը կատարում է գյուղացուց, գյուղացին չսպասի մինչև այդ սպանդի ենթարկված կենդանին հասնի շուկա, վճարումը կկատարվի և կվերադարձվի վաճառող գյուղացուն»,- ասաց նախարարը:
Շարժական սպանդանոցների համար էլ նույն տրամաբանությամբ 5 միլիոն դրամ սահմանաչափ կկիրառվի: Հնարավորություն կունենան գնումը կատարել անմիջապես Կառավարության կողմից տրամադրված անտոկոս վարկի հաշվին, վճարել գյուղացուն, հետո կազմակերպել այդ մսի վաճառքը և դրա դիմաց անխափան շրջանառություն ունենալ: