Առողջապահության նախարարն ասուլիսի ընթացքում անդրադարձավ միջազգային կազմակերպություններից ստացված օգնություններին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն, օրինակ՝ գումար չի փոխանցել, բայց 2 հազար ՊՇՌ թեստ է տրամադրել:
«Ստացել ենք ֆինանսական օգնություն Չինաստանից՝ 20.000 դոլարի չափով, Շվեյցարիայից՝ 40.000 ֆրանկի չափով, Նիդեռլանդներից՝ թեստեր: Ճապոնիայից կստանանք հավանաբար սարքեր, Ռուսաստանից ստացել ենք 20.000 ՊՇՌ թեստ և 33.500 ռեագենտներ, ջերմաչափեր»,- ասաց նախարարը, նշելով, որ հնարավոր է ստանան դողորայքի օգնություն Կանադայից, Հնդկաստանից: Արաբական Միացյալ Էմիրություններից դիմակներ ու ախտահանիչ նյութեր ենք ստացել, ԵՄ-ից՝ 2.7 մլն եվրոյի չափով աջակցություն: Ասիական զարգացման բանկից դրամաշնորհի տեսքով է եղել աջակցությունը: Եղել են նաև ԱՄՆ ՄԶԳ-ից, Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից, Պարենի համաշխարհային ծրագրից, Համաշխարհային բանկից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից, ՄԱԿ-ի Բնակչության, Մանկական հիմնադրամներից, Կարմիր խաչից: Մեր մշտական գործընկերներն են, որոնց աջակցության համար մենք շնորհակալ ենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում հիմա բոլորն իրար օգնում են, օգնություն է գնում նաև Հայաստանից։
Հարց հնչեց նաև, թե այն հյուրանոցները, որտեղ մեկուսացվել են մարդիկ, ի՞նչ սկզբունքով են վճարվել ու ի՞նչ չափով:
Թորոսյանը նշեց, որ գրեթե բոլոր հյուրանոցներին գումարներ տրվելու են ծառայությունների դիմաց, բայց եղել են հյուրանոցներ, որոնք համաձայնել են իրենց տարածքները անհատույց տրամադրել: Դրանք հատկապես Ծաղկաձորի հյուրանոցներն են, որտեղ միայն ծախսերի փոխհատուցում է իրականացվել՝ կոմունալ և այլ վճարների։