ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջում ուղիղ միացմամբ անդրադարձավ վիզաներին առնչվող հարցերին: Ե՞րբ կարող են կրկին դիմել վիզայի համար կամ ի՞նչ պետք է անեն, եթե միջնորդավճարն արդեն վճարել են: Դեսպանը տեղեկացրեց, որ այդ հարցերի շուրջ զրուցել է հյուպատոսական թիմի հետ:
Թրեյսին ասաց, որ գլոբալ համավարակի պայմաններում Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը կասեցրել է վիզաների տրամադրման ծառայությունները Միացյալ Նահանգների բոլոր դեսպանատներում:
«Կարծում եմ՝ մենք հնարավորինս շուտ կվերսկսենք այս ծառայությունների մատուցումը, սակայն այս պահին դեռևս այդ աշխատանքները վերսկսելու վերաբերյալ չունենք հստակ ժամկետներ»,- ասաց Լին Թրեյսին:
Դեսպանի խոսքով՝ եթե հարցազրույցը չեղարկվել է, կամ ուղղակիորեն պետք է կապ հաստատեն նրանց հետ, կամ էլփոստով տեղեկացնեն, իսկ եթե միջնորդավճարը վճարել են, ապա այն երկրում, որտեղ այդ վճարումն արել են, վիզայի համար այդ գումարը տարվա ընթացքում կարող է կիրառվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ որոշ անձանց մուտքը Միացյալ Նահանգներ թույլ չտալու վերաբերյալ, դեսպանը տեղեկացրեց, որ մանրամասներին կարող են ծանոթանալ դեսպանատան կայք (am.usembassy.gov) այցելելով, քանի որ վիզաների բաժնում համապատասխան տեղեկություններ կան:
«Միացյալ Նահանգներ մուտքի արգելքը չի գործում մի քանի խմբերի նկատմամբ: Կիրառելի չէ Միացյալ Նահանգների քաղաքացիների նկատմամբ, օրինակ՝ մշտական բնակչի կարգավիճակ ունեցողների և այն անձանց նկատմամբ, որոնք այդ հայտարարությունը անելու օրվա դրությամբ արդեն ունեցել են ներգաղթի վիզա»: Դեսպանը տեղեկացրեց, որ մանրամասներ կարող են ճշտել նաև հյուպատոսական գրասենյակից:
Դեսպան Թրեյսին անդրադարձավ նաև ԱՄՆ քաղաքացիներին հետաքրքրող այն հարցին, թե իրենց անձնագրերի վավերականության ժամկետը ավարտին է մոտենում, արդյոք դեսպանատունը անձնագրերի փոխարինման ծառայություն իրականացնո՞ւմ է: «Այս պահին մենք չենք կարող թողարկել սովորական անձնագրեր, սակայն կարող ենք ամերիկյան քաղաքացիներին տրամադրել ժամանակավոր անձնագրեր: Եթե ձեզ մոտ այդպիսի խնդիր է առաջացել, ապա կարող եք կապ հաստատել ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժնի հետ»,- ասաց դեսպանը: