Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է «Պաշտպանողական օպերացիայում ԶՈՒ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը։
Զորավարժությանը ներգրավված էին օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Անձնակազմը բացազատել է կրակային միջոցները, բերել մարտական դիրքի և վիճակի:
Համապատասխան հրամանը ստանալուց հետո հրետանավորներն անցել են մարտական կրակի կատարմանը։ Կրակային հարվածներն իրականացվել են լրիվ ծավալով։ Թիրախները խոցվել են առանց շեղումների, բարձր արդյունավետությամբ։
Զորավարժության նախնական արդյունքները դրական են։ Զինծառայողները գործել են ներդաշնակ և օպերատիվ, գերազանց կատարել առաջադրված մարտական խնդիրները։
Զորավարժության նպատակն էր ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս հրամանատարների, շտաբների և ընդհանուր անձնակազմի կարողությունների ստուգումը, զինծառայողների գործնական հմտությունների և դաշտային վարժվածության կատարելագործումը: