Հյուրանոցներում և հիվանդանոցներում գտնվող թեթև և ասիմպտոմ հիվանդները կգնան տուն՝ առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկմամբ իրենց բուժումը շարունակելու։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսի ընթացքում ասաց, որ նոր արձանագրված դեպքերը, որոնք թեթև ընթացքով են, չեն հոսպիտալացվի, կմնան տանը: Նաև չի բացառում, որ ասիմպտոմ դեպքերը դառնան սիմպտոմատիկ, և բժիշկները պիտի պատրաստ լինեն կայացնել բուժման այդ փուլում անհրաժեշտ որոշում՝ հոսպիտալացնել կամ այլ միջոցների դիմել:
«Մենք, քաղաքացիներին ուղարկելով տուն, նրանց չենք զրկում բժշկական օգնությունից, պարզապես փոխում ենք հիվանդության վարման ռազմավարությունը: Ընթանում են ինտենսիվ հեռավար դասընթացներ առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների, բուժքույրերի և կառավարիչների համար, որ այդ ամենը չլինի քաոտիկ, այլ լինի շատ կազմակերպված: Որովհետև հնարավոր են նաև, որ ասիմպտոմ դեպքերը դառնում են սիմպտոմատիկ: Այսինքն՝ քաղաքացին հնարավոր է ունենա բուժօգնության կարիք, և պետք է այդ բուժօգնության կարիքը մենք բաց չթողնենք»,- նշեց Թորոսյանը: