ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջում ուղիղ միացմամբ տեղեկություն ներկայացրեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասին:
Նոր կորոնավիրուսով պայմանավորված գլոբալ մարտահրավերի շուրջ հայ-ամերիկյան գործակցությանն անդրադառնալով՝ դեսպանը նշեց, որ համագործակցում են ոչ միայն Կարմիր Խաչի, այլ նաև Կառավարության, այլ երկրների ու այլ դոնոր կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ ԵՄ-ի, Շվեյցարական Կարմիր Խաչի հետ: Ներկայացրեց, որ, օրինակ՝ Կարմիր խաչի հետ իրականացնում են պարենի, հիգիենայի պարագաների բաշխում 8000 անապահով ընտանիքների: Ասաց, որ Կարմիր խաչն աշխատանքներ է իրականացնում ՀՀ բոլոր մարզերում, որպեսզի անհրաժեշտ ուշադրություն ցուցաբերվի առավել կարիքավոր մարդկանց:
Դեսպանը նշեց, որ Գլոբալ առողջապահական հիմնադրամի շրջանակում հավելյալ 1 միլիոն դոլար է նախատեսվել՝ Հայաստանին համավարակի պայմաններում աջակցելու նպատակով:
«Այս հավելյալ միջոցները, եթե ավելացնենք կորոնավիրուսի դեմ պայքարում արդեն իսկ նախատեսված աջակցությանը, ապա Հայաստանին աջակցությունը կկազմի 5.4 միլիոն դոլար»,- ասաց Թրեյսին՝ նշելով, որ միջոցներն ուղղվում են լաբորատոր կարողությունների զարգացմանը, օգնում են Հայաստանի Կառավարությանը նոր կորոնավիրուսի առավել ծանր դեպքերի բուժումն ապահովելու համար:
Դեսպանը նաև բարձր գնահատեց ու առանձնացրեց այն, որ Կառավարությունն այս աշխատանքների ընթացքում ապահովում է հաղորդակցության թափանցիկություն ու հասարակության առջև հաշվետվողականությանը միտված աշխատանքներ է իրականացնում: Ասաց՝ ակնհայտ է, որ առաջիկայում ամբողջ աշխարհում նոր մարտահրավերներ են լինելու, սակայն հաղորդակցության թափանցիկության ապահովումը կօգնի, որ հանրային վստահություն ձևավորվի: Վստահեցրեց, որ միասին աշխատելով ու հետևելով ուղեցույցներին, նախազգուշական միջոցներին՝ առաջիկա ամիսներին ավելի լավ վիճակ կստեղծվի կորոնավիրուսի դեմ պայքարում: