Հանրային քննարկման են ներկայացվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը՝ տեղեկացրել է ՏՄՊՊՀ խոսնակ Անի Սմբատյանը:
«Առաջարկվող նախագծերով տարբերակվել են հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները՝ սահմանելով դրանց բնորոշ առանձնահատկությունները, իրավախախտման վարույթի մասնակիցները, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները: Նախատեսվել է իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու առիթները նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգ և վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում հարուցումը մերժելու հնարավորություն, ինչպես նաև իրավախախտման վարույթի ժամկետը անհրաժեշտության դեպքում եռամսյա ժամկետով երկարաձգելու հնարավորություն: Նախատեսվել է նաև հանձնաժողովի թղթակցությունը վարույթի մասնակիցներին էլեկտրոնային եղանակով հանձնելու ընթացակարգ, ապրանքների գների վերահսկման նպատակով շարունակական մշտադիտարկումներ իրականացնելու հնարավորություն, տուգանքների կիրառման առավել արդյունավետ մեխանիզմ, սահմանվել է բանակցային ուժեղ դիրքի չարաշահման արգելք և այլն»,- տեղեկացրել է նա Ֆեյսբուքի իր էջում: