Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին» հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս նախագիծը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ որակեց:
«Հիշո՞ւմ եք, որ մենք ճգնաժամի մեկնարկին հայտարարեցինք, որ պատրաստվում ենք 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել, 25 մլրդ դրամի՝ տնտեսական աջակցության ծրագրեր և 80 մլրդ դրամի պատրաստվում ենք տնտեսական երկարաժամկետ զարգացման ծրագրերի վրա ծախսել»,- հիշեցրեց վարչապետը:
Նախարար Խաչատրյանը նշեց, որ արագ արձագանքման միջոցառումների շրջանակում տարբեր բովանդակությամբ ծրագրեր են իրականացվել, և գերազանցվել է նախատեսված 25 մլրդ դրամի շեմը:
«Որովհետև շատ միջոցառումների դեպքում ընթացքում կատարած ճշգրտումներով, որոնք հօգուտ տնտեսավարող սուբյեկտների էին, թույլ ենք տվել, որ թիրախավորված տնտեսավարողները գործունեության որոշակի ոլորտներում առավելագույն հասանելիություն ունենան հայտարարված արագ արձագանքման միջոցառումներին»,- նշեց նախարարը:
Խաչատրյանը նշեց, որ քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ արագ արձագանքման կարճաժամկետ միջոցառումների տրամաբանությունը պետք է փոխվի և անցում կատարվի ավելի երկարաժամկետ զարգացմանը միտված ներդրումային ծրագրերի: Նախարարը նշեց, որ նախագծի շարժիչ ուժը եղել է խնդիրը՝ ինչպե՞ս անել, որ մասնավոր հատվածում առկա ծրագրերը, որոնք առանց Կառավարության աջակցության դժվարություններ կունենան մեկնարկի և առաջընթացի հարցում, ստանան այդպիսի աջակցություն և սկսեն գործել արդեն իսկ բազմապատկված հնարավորություններով:
«Մենք աջակցում ենք, բայց աջակցում ենք պայմանով, որ այդպիսի ֆինանսական աջակցությունը մեր կողմից կառաջացնի նաև մասնավոր հատվածի՝ դրան մի քանի անգամ գերազանցող ներդրումները նույն ծրագրին ուղղելուն և մուլտիպլիկատիվ էֆեկտով շատ ավելի մեծ տնտեսական ազդեցություն և հետևանքներ առաջացնելուն»,- նշեց նախարարը:
Ծրագիրն առաջինը հաստատված է 50 մլրդ դրամ կազմելու հեռանկարի մտադրությամբ՝ նշեց նախարարն ու հավելեց, որ առաջին արդյունքներն ամփոփելիս, եթե տեսնեն, որ ընտրված ճանապարհը համոզիչ է, կշարունակվի աշխատանքն այդ ուղղությամբ:
«Այս որոշումը այս փուլում Կառավարության համար ֆինանսական պարտավորություն է առաջացնում առաջին փուլը մեկնարկելու վերաբերյալ: 50 մլրդ աջակցությունը բաղկացած է լինելու հնարավոր 10 առանձին 5-միլիարդանոց հատկացումներից, և սա դրանցից առաջին 5 միլիարդի հատկացման որոշումն է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հաջորդ 5 մլրդ դրամների վերաբերյալ որոշումները Կառավարությունը կամրագրի նախորդների հաշվետվությունները ստանալու և քննարկելու արդյունքում:
Նախարարը նշեց, որ պայմաններից մեկն էլ այն է, որ որքան Կառավարությունն է ներդրում անում, այդքան էլ առնվազն ներդրում պետք է կատարի մասնավոր ներդրողը, որը այդ նախագծի նախաձեռնողն ու սեփականատերն է: Ներդրումների չափով նաև վարկային ռեսուրսներ կներգրավվեն՝ հավելեց նախարարը:
«Սա նշանակում է, որ գործում է 1+1+2 = 4 բանաձևը, որը Կառավարության կողմից ներդրվող յուրաքանչյուր մեկ միավոր ներդրումների շնորհիվ ծրագրում ապահովում է առնվազն չորս միավոր ներդրումային ծախսեր»,- նշեց նախարար Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջին արդյունքները կամփոփվեն 3 ամիս հետո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ամփոփելով նշեց, որ այս փուլում Կառավարությունը 5 մլրդ դրամ է տալիս Կենտրոնական բանկում ստեղծված ներդրումային հիմնադրամին, որի կառավարիչ է Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամը:
«Ասում ենք, որ այս դրամագլուխը պետք է օգտագործվի ներդրումներ խթանելու համար: Հիմնադրամը պետք է փնտրի և գտնի պոտենցիալ ներդրողների, որոնք կունենան վստահելի նախագծեր: Եվ ներդրողի ներդրած մեկ միավորի դիմաց, որը 1-2 մլն դոլարի սահմաններում է, պետք է ներդնի ևս մեկ միավոր՝ պայմանով, որ ևս երկու միավոր պետք է ներգրավվի որպես փոխառու միջոց: Մենք այս փուլում 5 մլրդ-ը տրամադրում ենք և ասում ենք, որ այս ծրագիրը ունի մինչև 50 մլրդ դրամի պոտենցիալ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ Կառավարությունը որոշակի մասնաբաժին է ունենում այդ ներդրումային ծրագրերում և ինչ-որ պահի իր բաժնեմասը օտարում է: