ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում անելու մասին որոշման նախագիծը: Նախարարի խոսքով՝ նպատակն է բազմաթիվ մշակութային կոթողների և կառույցների վերանորոգումը, ամրակայումը ու վերազինումը Հայաստանի ամբողջ տարածքում:
«Սա մշակութային օբյեկտների այն մեծ փաթեթն է, որ այս տարի պետք է վերանորոգվեն, ամրակայվեն: Դրանք են՝ Արարատի մարզում Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում, Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի ամրակայում, նորոգում, վերանորոգում և տարածքի մասնակի բարեկարգում, Լոռու մարզի Քոբայրավանքի համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի տանիքի նորոգում, Շիրակի մարզի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում, Կոտայքի մարզում Թեժառույգի վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում և այլն: Շատ երկար ժամանակ մեր հանրահռչակ Արտո Չաքմաքչյանի քանդակը, որ տարիներ առաջ էր ստեղծվել, պետք է տեղադրվեր մայրաքաղաքում, չէր իրականացվում, և ավագանու որոշումից հետո մենք ձեռնամուխ եղանք այն տեղադրելու: Մցույթները ընթացքի մեջ են, մի մասն էլ կհայտարարվի շուտով»,- հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Դուք համոզվա՞ծ եք, որ այդ «Քայլող մարդու» արձանի տեղադրման հետ կապված՝ քաղաքական շահարկումներ եւ այլն չեն լինելու»,- արձագանքեց վարչապետ Փաշինյանը:
Ի պատասխան, Հարությունյանն ասաց, որ քանդակը շատ ավելի վաղ է ստեղծվել, տարիներ առաջ եւ, երբ ավագանու նիստին այդ հարցը քննարկվում էր, նման հարցեր չեն եղել:
Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակում են 100 խոշոր կառույցների շինարարական աշխատանքները:
«Արդեն մրցույթները հայտարարում ենք: Երեկ և առաջին օրը մի քանիսն արդեն հայտարարվել են»,-նշեց Ղուլարյանը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ առաջարկեց որոշ փոփոխություններ անել դրույթներում և նոր միայն հաստատել: