ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ ՊԳԿ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև ծրագրային փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկել է Հայաստանում կլիմայի փոփոխությանը գյուղատնտեսությունն առավել դիմակայուն դարձնելուն նպատակաուղղված տեխնիկական համագործակցության նոր ծրագիր։ Այս երկամյա ծրագրում ներառված են Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հյուսիսային Մակեդոնիան։
Բոլոր չորս երկրներն էլ առերեսվում են անկախ, դիվերսիֆիկացված գյուղատնտեսական կառույցների վերափոխման և զարգացման հիմնախնդիրներին։ Սահմանափակող գործոններից մեկն այն է, որ սերմերի, ինչպես նաև այլ ներդրանքների մեծ մասը ներկրվում է դրսից, ուստի, գյուղացական տնտեսությունները կախում ունեն ներկրվող սերմերից։ Նրանք առայժմ չեն կարողանում լիարժեք օգտվել որակյալ սերմերի առավելություններից՝ պայմանավորված մի շարք գործոնների համակցությամբ, ներառյալ՝ սերմերի արտադրության, բաշխման և որակի ապահովման ոչ զարգացած համակարգը, ինչպես նաև սերմնաբուծության ձևավորված քաղաքականության բացակայության արդյունքում առկա խոչընդոտները։
«Ղրղզստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Տաջիկստանի նման Հայաստանը նույնպես առերեսվում է նույն ռիսկերին՝ պայմանավորված կլիմայի փոփոխությամբ, իսկ երկրի գյուղատնտեսական արտադրությունը մեծապես կախված է եղանակային պայմաններից, հողի և ջրի կառավարումից, ոռոգումից և համապատասխան գենետիկական ռեսուրսներից»,- ասել է ՊԳԿ գյուղատնտեսության մասնագետ Տանիա Սանտիվանեզը ռեգիոնալ գրասենյակների հետ հեռավար հանդիպմանը:
Վերը նկարագրված հիմնական պրոբլեմներին լուծում տալու նպատակով՝ այս ծրագիրը Հայաստանում նախատեսում է բարելավել սերմերի և տնկանյութի հավաստագրման համակարգը, սերմերի որակի լաբորատոր հետազոտության, նոր սորտերի սորտափորձարկման մեթոդաբանության մշակման և ներդրման ոլորտները։
Հայաստանի գյուղատնտեսությունը և, հատկապես՝ սերմնաբուծության ոլորտն առերեսվում են մի շարք մարտահրավերների։ Ծրագրի ուշադրության կենտրոնում են դրանցից ամենահրատապները, ներառյալ՝ տեղական սորտերի պակասը, որի պատճառով սերմերի ներկրումից կախվածություն է առաջանում, սերմերի և տնկանյութի հավաստագրման կայացած և հուսալի համակարգի առկայությունը, գյուղացիական տնտեսությունների համար բարձրորակ և կլիմայի նկատմամբ դիմացկուն սերմերի ու տնկանյութի հասանելիության և դրանց վերաբերյալ գիտելիքների բացակայության խնդիրները և բույսերի գենետիկական ռեսուրսների կառավարման կարևորության վերաբերյալ ցածր իրազեկվածությունը։ Գյուղացիական տնտեսությունները հաճախ օգտագործում են սեփական արտադրության սերմերը, ինչը պարունակում է ցածր բերքատվության և հիվանդությունների նկատմամբ դրանց ընկալունակության ռիսկեր։ Այս խնդիրները նպաստում են կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի գյուղատնտեսության խոցելիության մեծացմանը։
«Ավելին, COVID-19 ժամանակաշրջանի համատեքստում այս ծրագրի իրականացումը շատ տեղին է, քանզի այն կաջակցի սերմնաբուծության ազգային համակարգի հզորացմանը՝ որպես մշակաբույսերի արտադրության և պարենային անվտանգության հիմնական հենասյուներից մեկը»,- ավելացրել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։
Այս ծրագիրը համահունչ է Կառավարության կողմից վերջերս հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների ռազմավարությանը․ սերմերի և տնկանյութի հավաստագրման համակարգի բարելավումը դրա առաջնահերթ գործողություններից մեկն է։
Ծրագրի միջոցառումները կինտեգրվեն երկրի ընթացիկ զարգացման ծրագրերում՝ ապահովելով գործընթացի կայունությունը՝ ծրագրի իրականացման ժամկետից հետո։ Դրանք համահունչ են նաև Կառավարության ընթացիկ քաղաքականություններին և ռազմավարություններին։