Քիչ առաջ Արայիկ Հարությունյանը ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվելով՝ ձեռքը դրած 17-րդ դարի Ավետարանի և Արցախի Սահմանադրության վրա: Արցախի չորրորդ նախագահը երդվեց անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պահպանել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի:
Արցախում կայացած համապետական ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր՝ 7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր, ստանձնելով իր լիազորությունները, Շուշիում՝ մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում, հատուկ նիստ է հրավիրել Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման առթիվ:
Արցախի Հանրապետության չորրորդ նախագահի երդմնակալության արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով լրագրողներ դահլիճում չկային, սակայն ապահովվում էր ուղիղ հեռարձակում Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններով, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա» և «ԱՐ» հեռուստաընկերություններով։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների արդյունքներով Արցախի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են հինգ քաղաքական ուժեր: Պատգամավորական 33 մանդատներից 16-ը ստացել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, 9-ը՝ «Միասնական հայրենիք», 3-ական՝ Արցախի «Արդարություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» ու 2-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները:
Ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը: