«Ակնհայտ է, որ Հայաստանը առաջիկա մեկ տարում բնականոն կյանքի չի վերադառնալու, բայց մյուս կողմից՝ առկա է ՍԴ-ի շուրջ շուրջ ճգնաժամ, որը շատ երկար ժամանակ շարունակվում է, և ևս մեկ-երկու տարի շարունակումը՝ նշանակում է չունենալ գործող Սահմանադրական դատարան»,- հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր «ՍԴ շուրջ ճգնաժամի հանգուցալուծումը՝ առանց հանրաքվեի» թեմայով առցանց ասուլիսի ժամանակ:
Նա պարզաբանեց, որ գործող ՍԴ-ն գոյություն ունի դե յուրե, սակայն, նրա խոսքով՝ չունենք Սահմանադրական դատարան, որը կհամոզի՝ օբյեկտիվ որոշում են կայացնում, և որ իրենց որոշման մեջ չկան ենթատեքստեր: «Այսինքն՝ համոզեն, որ իրենք այդ որոշումը կայացնում են հանուն Հայաստանի, ոչ թե նախորդ իշխանություններին սպասարկելու համար»,- ասաց Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում պետք է լուծումներ գտնել: «Եվ այդ գործընթացում գործողություններից մեկը, որն իրականացվել է, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է հղել Վենետիկի հանձնաժողով, որի պատասխաններին սպասում ենք։ Մեր հետագա քայլերի բովանդակային տրամաբանությունը նաև պայմանավորված կլինի Վենետիկի հանձնաժողովի պատասխաններով»,- շեշտեց Հովակիմյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև սահմանադրական փոփոխություններին: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերին կներկայացվի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, կսկսվեն հանրային քննարկումներ: «Մեզ պե՞տք է նոր Սահմանադրություն: Իհարկե պետք է, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հենց այդ նպատակով է ստեղծված»,- ասաց Հովակիմյանը: