Երևան-Սևան Մ4 մայրուղու անմիջական հարևանությամբ` Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» («Ճանապարհաշինարարներ») քանդակները կվերականգնվեն, իսկ Մեղրաձորում կիրականացվեն Թեժառույք վանական համալիրի ամրակայման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«ՀՀ Կառավարության այս տարվա կապիտալ ծրագրերի շրջանակում գործադիրի այսօրվա նիստում հաստատվել է ԿԳՄՍ նախարարության կողմից մշակութային մի շարք կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննության իրականացման փաթեթը:
Այդ նպատակով վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի կրթության ոլորտի բյուջետային ծախսերում և խնայված միջոցներից հատկացվել շուրջ 422 մլն դրամ մի շարք հուշարձանների բարեկարգման աշխատանքների համար:
Այդ ցանկում ընդգրկված են նաև Կոտայքի մարզի 3 հուշարձանների վերականգնման, ամրակայման ծրագրեր
Չարենցավան համայնքի «Անվերջության ժապավեն» կամ «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում
Բյուրեղավան համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում
Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում:
Հիշեցնեմ, որ «Անվերջության ժապավեն» քանդակը վերականգնվելու է զրոյից, քանի որ քանդակի մոտավորապես 90 տոկոսը չկա, մնացել է միայն մետաղական կմախքը: Նախատեսվում է ոչ միայն քանդակի վերականգնում, այլև՝ տարածքի բարեկարգում՝ միջպետական մայրուղու այս հատվածը զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու համար»,- գրել է մարզպետը: