Մեծ Բրիտանիայի Բրայթոն և Օքսֆորդ քաղաքներում սկսվում է մալարիայի երկու դեղամիջոցների փորձարկումը կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Քլորոքին, հիդրոքսիքլորոքին կամ պլացեբո դեղամիջոցները կտրվեն Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում և Հարավային Ամերիկայում առողջապահության ոլորտում կորոնավիրուսով վարակվածների հետ անմիջական շփում ունեցող ավելի քան 40 հազար աշխատակիցներին:
Բոլոր մասնակիցներին հիդրոքսիքլորոքին կամ պլացեբո դեղամիջոցը կտրվի երեք ամիս շարունակ: Փորձարկումների արդյունքները պարզ կդառնան տարեվերջին:
Փորձարկմանը կարող է մասնակցել ցանկացած մեկը, որը շփում է ունեցել վարակվածի հետ, սակայն նրա մոտ COVID-19 չի ախտորոշվել: Թեստի նպատակն է պարզել՝ արդյոք առողջապահության ոլորտի մասնագետները կարո՞ղ են զերծ մնալ վարակվելուց:
Կորոնավիրուսի բուժման դեպքում մալարիայի համար նախատեսված այս դեղամիջոցների վնասակարության կամ արդյունավետության վերաբերյալ տեղեկություններ չկան: Սակայն, եթե այս դեղամիջոցների շնորհիվ հնարավոր լինի նվազեցնել վարակվելու հավանականությունը, ապա դա հիանալի առաջընթաց կլինի:
Այս դեղամիջոցներն օգտագործվում են մալարիայի թե՛ կանխարգելման և թե՛ բուժման դեպքում: