Կանաչ կլիմայի հիմնադրամը (GCF) հաստատել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնած Հայաստանում «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը: Կանաչ կլիմայի հիմնադրամը ամենամեծ «կանաչ» հիմնադրամն է, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) շրջանակներում։ Հիմնադրամի նպատակն է զարգացող երկրներին տրամադրել ֆինանսական մեխանիզմներ՝ կլիմայի փոփոխությունների հետևանքների հանդեպ հարմարվողականության և մեղմման համար։
Այս նախագիծը ՀՀ-ում հիմնադրամի կողմից առաջին դրամաշնորհային ծրագիրն է «կանաչ» ֆինանսավորման ոլորտում և իր ձևաչափով աննախադեպ է։
Ծրագրի շրջանակում հիմնադրամի կողմից հատկացվել է մոտ 660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ ՀՀ-ում «կանաչ» ֆինանսավորման խթանմանը և առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանն աջակցելու նպատակով:
Հայտարարված մրցույթի արդյունքում «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի իրականացնող մարմին է ընտրվել «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: Այն իրականացնելու է ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպումը և դրամաշնորհի միջոցների արդյունավետ տեղաբաշխման վերահսկողությունը:
Դրամաշնորհը ուղղվելու է միջազգային և տեղական լավագույն փորձագետներին և խորհրդատուներին ներգրավելու համար, որպեսզի վերլուծվի Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման արդի իրավիճակը, ուսումնասիրվի միջազգային լավագույն փորձը։ Գործընթացները ներառելու են նաև շահառու ֆինանսական կառույցների փորձի և իրականացված նախագծերի ուսումնասիրություններ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նաև գնահատելու ոլորտի կարգավորիչ դաշտն ու դրա արդյունքում ձևավորել համապարփակ ճանապարհային քարտեզ։
«Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի շահառուներ են ՀՀ կենտրոնական բանկը, ՀՀ ֆինանսաբանկային համակարգի մասնակիցները և ոլորտին առնչվող մասնավոր ընկերություններ: Ծրագրի իրականացման արդյունքում բոլոր շահառուները հնարավորություն կստանան ծանոթանալու ուսումնասիրությունների արդյունքներին, ինչպես նաև էականորեն կբարելավեն իրենց կարողությունները և մեթոդաբանությունը «կանաչ» ֆինանսավորման ոլորտում: Իրականացված ուսումնասիրությունները հնարավորություն կտան ամրապնդելու և զարգացնելու ՀՀ-ում «կայուն» ֆինանսավորման ուղղությունը և ներգրավված շահառուները կկարողանան ներգրավել ֆինանսական և տեխնիկական միջոցներ՝ իրենց գործունեությունը նշված ուղղություններով ընդլայնելու համար։
Հաշվի առնելով տվյալ ծրագրի արդյունավետ իրականացման կարևորությունը բոլոր շահառուների և նաև պետության համար՝ խիստ կարևորում ենք բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը ծրագրով նախատեսված միջոցառումներին։