ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Օրինագծի երկրորդ ընթերցումը հետաձգվել էր, և հանձնաժողովի քննարկման արդյունքում փոփոխություններ են արվել:
Հիշեցնենք, որ առաջին ընթերցման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշել էր, որ քաղաքացիները ցանկանում են արտերկրից տարբեր կերպ ստանալ դեղը, որ չկա Հայաստանում: Գործող կարգավորման համաձայն՝ անձը կարող է ֆիզիկապես սահմանը հատելուց իր հետ տեղափոխել դեղը, բայց եթե պատվիրում է փոստային ծառայությամբ, ապա արգելվում է ստանալ այն: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է թույլատրել նաև փոստային ծառայության միջոցով դեղերի ստացումը:
Իսկ այսօր հանձնաժողովի նիստում Սիսակ Գաբրիելյանը մանրամասնեց, որ միջազգային փոստային փոխադրումներով կարող է ֆիզիկական անձի անունով դեղ ներմուծվել Կառավարության սահմանած կարգի համաձայն:
«Քաղաքացին կգա, թույլտվություն կստանա այն դեղերի համար, որոնք Հայաստանում կա՛մ գրանցված չեն, կա՛մ գրանցված են բազաներում, բայց այդ պահին վաճառքում չկան: Թույլտվությունը ստանալու դեպքում կգնան և նոր մաքսային ծառայությունից կստանան դեղը»,- տեղեկացրեց Գաբրիելյանը:
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով էլ՝ քաղաքացին կարող է փոստային ծառայության միջոցով ստանալ դեղը՝ համապատասխան թույլտվությունը ստանալու համար դիմելով նախարարություն: Ըստ փոխնախարարի՝ եռօրյա ժամկետում կտրվի պատասխանը, և միայն դրանից հետո կարող են մաքսազերծել ներմուծված դեղորայքը: