Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վաղը նշանակված է Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:
Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը տեղեկացրել է, որ իրենք միջնորդություն են ներկայացրել դատարան՝ խնդրելով կորոնավիրուսի համաճարակային վիճակի պատճառով հետաձգել նիստը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Ըստ ՀՔԾ-ի՝ Սերժ Սարգսյանը 2013 թվականին կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։
Ս. Սարգսյանի հետ ամբաստանյալի աթոռին են նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, նրա նախկին տեղակալ Սամվել Գալստյանը, նախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանն ու Ֆլեշ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:
Այս գործով դատավարությունը մեկնարկել էր փետրվարի 25-ին: Ապրիլի 23-ին նշանակված նիստը ևս հետաձգվել էր Սարգսյանի պաշտպանների խնդրանքով, կորոնավիրուսի համավարակի պատճառով: