Տուլայի հիվանդանոցի ղեկավարությունը պատժել է բուժքրոջը, որը շոգի պատճառով կիսաթափանցիկ պաշտպանիչ կոստյումի տակ բիկինիով է երևացել հիվանդներին:
Դեպքը տեղի է ունեցել Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում, որտեղ բուժվում են COVID-19-ով հիվանդները: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ նրանք բուժքրոջ հանդերձանքի դեմ չեն բողոքել, բայց առողջապահության նախարարությունն աղջկան նկատողություն է արել և բացատրական աշխատանք տարել նրա հետ:
Համացանցում այս մասին լուրերի տարածումից հետո օգտատերերը պաշտպանել են բուժքրոջը՝ բացատրելով, որ դժվար է ամբողջ օրը աշխատել պաշտպանիչ հանդերձանքով:
Բուժաշխատողին աջակցել է նաև Տուլայի շրջանի Պետդումայի պատգամավոր, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևը:
«Հուսանք, որ բուժքույրն իր արտաքին տեսքով հիվանդ տղամարդկանց մոտ առաջացրել է ապրելու ցանկություն: Նրանք կմտածեն և ուժ կգտնեն հիվանդությանը դիմակայելու համար»,- ասել է պատգամավորը:
Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկ, Պետդումայի պատգամավոր Գենադի Օնիշչենկոն քննադատել է բուժքրոջ արարքը, բայցև նշել է, որ պլաստիկ պաշտպանիչ կոստյումներն իսկապես անհարմար են: