ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու օրենսդրական նախագծին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը երկրորդ ընթեցմամբ նախագծի քննարկմանը հանձնաժողովի նիստում ներկայացրեց, որ նախատեսվում է անցում կատարել կենսաթոշակների անկանխիկ վճարմանը: Ասաց, որ որոշակի կանոնակարգումներ կկատարվեն, և կսահմանվի, որ կենսաթոշակը հիմնականում վճարվի անկանխիկ եղանակով: Տեղեկացրեց, որ պատգամավորների կողմից գրավոր առաջարկություններ չեն ստացվել, սակայն Կառավարությունից առաջարկներ են եղել:
«Առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով նախատեսվում է, որ եթե անձը կենսաթոշակ նշանակելու համար դիմում ներկայացնում է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո, ապա նրա կենսաթոշակը վճարվում է բացառապես կանխիկ եղանակով: Կան բացառություններ, եթե 75 տարին լրացած է կամ առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է կենսաթոշակառուն»,- տեղեկացրեց փոխնախարարն ու հավելեց, որ Կառավարությունն առաջարկում է, որ առկա իրողություններով պայմանավորված՝ 2020 թվականի հուլիսի 1-ի ժամկետը հետաձգվի մինչև սեպտեմբերի 1-ը:
Սաիյանը նշեց, որ կհստակեցվեն նաև ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետները: Կսահմանվի այն գյուղերի ցանկը, որտեղ պետք է կենսաթոշակը վճարվի կանխիկ եղանակով, կամ հետաձգվում է անկանխիկի ներդրումը:
Կենսաթոշակների վճարման համակարգն անկանխիկը սահմանելու գործընթացը կիրականացվի փուլային: Սաիյանը տեղեկացրեց, որ առաջին փուլում այն կիրականցվի Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Մյուս տարի կընդգրկվեն մնացած քաղաքները, ապա՝ մանր ու խոշոր գյուղերը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ փուլային տարբերակը միտված է նրան, որ այդ ընթացքում լուծվեն բանկային ենթակառուցվածքի անկանխիկ գործառնություններ կատարելու համար ենթակառուցվածքների հասանելիության խնդիրները: