The Guardian-ը հայտնել է, որ աշխարհում կորոնավիրուսի համավարակը դրական ազդեցություն է թողել Երկիր մոլորակի կլիմայի վրա: Կտրուկ կրճատվել են արտանետումները:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսային համավարակով առաջացած ճգնաժամը նպաստել է ածխաթթու գազի արտանետումները կրճատել, քանի որ ամբողջ աշխարհում տեղաշարժման, աշխատանքի և այլ արգելափակումներ ու սահմանափակումներ են մտցված:
Ջերմոցային գազերի ամենօրյա արտանետումները ապրիլի սկզբին նվազել են 17%-ով՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Արդյունքները ցույց են տալիս, որ աշխարհում առաջին անգամ տեղի է ունեցել ածխաթթու գազի արտանետումների կտրուկ անկում՝ դրանք գրանցելուց ի վեր: Ընդ որում՝ համաշխարհային տնտեսության մեծ մասը գրեթե դադարի վիճակում է:
Երբ սահմանափակումներն ամենախիստն էին, որոշ երկրներում արտանետումները միջին հաշվով կրճատվել են ավելի քան քառորդով (26%-ով): Մեծ Բրիտանիայում անկումը կազմել է մոտ 31%, իսկ Ավստրալիայում արտանետումները ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 28.3%-ով:
«Սա իսկապես մեծ անկում է, բայց, միևնույն ժամանակ, մնացել է գլոբալ արտանետումների 83%-ը, ինչը ցույց է տալիս, թե որքան դժվար է արտանետումների նվազեցումը վարքագծի փոփոխություններով»,- ասել է կլիմայի փոփոխության պրոֆեսոր Կորին Լե Կուրեն: Նա նշել է նաև, որ սա ցանկալի չէ, և, որ սա կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոց չէ:
Արտանետումների աննախադեպ անկումը, հավանաբար, կլինի միայն ժամանակավոր: Քանի որ երկրները դանդաղ վերադառնում են բնականոն գործունեությանը: Տարվա ընթացքում տարեկան անկումը, ամենայն հավանականությամբ, կկազմի ընդամենը 7%, եթե պահպանվեն վիրուսը դադարեցնելու որոշ սահմանափակումներ: Իսկ եթե որևէ սահմանափակում չլինի արդեն հունիսի կեսերին, ապա տարվա անկումը, հավանաբար, կլինի ընդամենը 4%:
«Դա, միևնույն է, կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարեկան արտանետումների ամենամեծ անկումը և կտրուկ տարբերություն վերջին միտումների համեմատ, քանի որ արտանետումները տարեկան աճում են մոտ 1%-ով: Բայց դա աննշան ազդեցություն կթողնի Փարիզի համաձայնագրի նպատակների վրա»,- ասել է Լե Կուրեն:
Ըստ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի` 21-րդ դարի կեսերին կամ դրանից անմիջապես հետո արտանետումները պետք է հասնեն զրոյի, որպեսզի Փարիզի համաձայնագրի նպատակներն իրագործվեն և կանխեն գլոբալ տաքացումը աղետալի մակարդակի հասնելուն: Ըստ Լե Կուրենի՝ Covid 19-ի ճգնաժամի պատճառով ածխածնի անկման տոկոսը ցույց է տալիս, թե աշխարհը դեռ որքան ճանապարհ ունի անցնելու:
Մինչ այժմ ճգնաժամի փորձը ցույց է տվել, որ անհատների վարքագծի փոփոխությունները, ինչպիսիք են չթռչելը, տնից աշխատելն ու ավելի քիչ մեքենա վարելը, կարող են միայն արտանետումների կրճատման համար անհրաժեշտ ճանապարհի մի մասը լինել, քանի որ նույնիսկ սահմանափակման միջոցառումները թողել են արտանետումների մեծ մասը:
«Ուղղակի վարքագծային փոփոխությունները բավարար չեն: Մեզ պետք են կառուցվածքային փոփոխություններ տնտեսության և արդյունաբերության մեջ: Բայց կարող ենք, օգտվելով առիթից, հասկանալ, թե ինչի կարելի է հասնել կառուցվածքային փոփոխություններ կատարելով»,- նշել է կլիմայի փոփոխության պրոֆեսորը:
Օդային տրանսպորտի արտանետումները կտրուկ նվազել են՝ մոտ 60%-ով, ցամաքային տրանսպորտի արտանետումները նվազել են մոտ 36%-ով: Էլեկտրաէներգիայի արտադրությանն ու արդյունաբերությանը բաժին է ընկնում արտանետումների ընդհանուր կրճատման մոտ 86%-ը:
Չնայած նման աննախադեպ անկմանը՝ կլիմայի վրա դրական ազդեցությունը, հավանաբար, փոքր կլինի: Մթնոլորտում ածխաթթու գազի պաշարները, որոնք անցած տարի հասել էին 414,8 ppm-ի, այս տարի կբարձրանան մինչև 450 ppm վտանգավոր շեմի՝ գուցե մի փոքր դանդաղ տեմպերով:
«Ածխաթթու գազը երկար ժամանակ է մնում օդում, այդ պատճառով էլ, չնայած արտանետումները հիմա ավելի քիչ են, դրանք դեռ տեղի են ունենում, ուստի ածխաթթու գազը դեռևս կուտակվում է, բայց մի փոքր ավելի դանդաղ»,- նշել է Met Office-ի կլիմայի ազդեցության ուսումնասիրության ղեկավար Ռիչարդ Բեթսը: