ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Հանձնաժողովում այն երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը հիշեցրեց, որ առաջարկվում է լրացուցիչ լիազորություններ տալ Կառավարությանը և լիազոր մարմնին:
«Նախագծով մենք փոխում ենք նաև որոշակի սոցիալական զբաղվածության բնագավառում որպես առաջնահերթություն կամ առավել խոցելի խումբ դիտարկելու պայմանները: Առաջարկվում է ավելացնել, որ մանկատան շրջանավարտ հանդիսանալը, պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի, զոհվածի ընտանիքի անդամ լինելն ըստ էության մարդուն տալիս են զբաղվածության բնագավառում որոշակի առավելություններ: Առավել խոցելի խումբ են համարվում այս անձինք»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ առաջնահերթություն կտրվի նաև երկարամյա զինծառայողների զինվորական կենսաթոշակառաուներին:
Սաիյանը նաև տեղեկացրեց՝ Կառավարությունն առաջակել է աշխատանք փնտրող անձի իրավունքների շարքում ավելացնել, որ աշխատանքի տեղավորման դեպքում գործատուն հնարավորություն կունենա ստանալ միանվագ փոխհատուցում:
«Նպատակն է, որ ունենանք նոր զբաղվածության ծրագիր՝ գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրել աշխատաշուկայում անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու դեպքում: Քաղաքացին, եթե անցնում է աշխատանքի, ապա պետությունը գործատուին խրախուսում և տալիս է միանվագ փոխհատուցում»,- տեղեկացրեց փոխնախարարը՝ հավելելով, որ փոխհատուցումը կտրամադրվի այն գործատուին, որը աշխատանքի է վերցնում կորոնավիրուսով պայմանավորված այս ժամանակահատվածում գործազուրկ դարձած անձի: Փոխհատուցման չափը կլինի 200-350 հազար դրամ: