Մարտի 13-ից հետո աշխատանքը կորցրած գործազուրկների համար աջակցության ծրագրի պայմանները նախատեսվում է ավելի բարելավել։ Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
«Մասնավորապես, եթե գործատուն աշխատանքի ընդունի և առնվազն մեկ տարի աշխատանքային հարաբեությունների մեջ մնա 2020 թվականի մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածում գործազուրկ դարձած անձի հետ, նրան կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 350.0 հազար դրամի չափով։ Այս անձանց շրջանում առաջնահերթություն կտրվի հաշմանդամություն ունեցող, երեխաներ ունեցող և ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող անձանց»,-ասաց Սարգսյանը:
Ժորա Սարգսյանը նշեց, որ ծրագիրն ընթացքի մեջ է: Նախագիծն այս պահին ներկայացված է շահագրգիռ գերատեսչություններին, և սպասում են նրանց կարծիքին։
Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնից տեղեկացանք, որ 2020-ի մայիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 85.9 հազար մարդ: Գործազուրկների թիվը աշխատանք փնտրողների 70.7 %-ն է կամ 60.7 հազ. մարդ: Ինչպես նախկինում, հաշվառվածների մեջ մեծաթիվ են կանայք՝ 65 8%-ը կամ 40.0 հազ. մարդ: Գործազուրկների 42.1%-ը առաջին անգամ աշխատանք փնտրողներ են, որի 37.8 %-ը 16-29 տարեկան երիտասարդներ են:
Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը զրույցում հայտնեց, որ նոր իրողության պայմաններում հետևելով պարետի ցուցումներին՝ գործակալությունը, վերակազմակերպելով իր գործունեությունը, մասնակիորեն անցել էր հեռավար աշխատանքի ռեժիմի: Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ տեղաշարժման սահմանափակումները պահպանելու նպատակով աշխատանք փնտրող անձանց և գործատուներին տրամադրվող խորհրդատվությունը հիմնականում իրականացվում է հեռախոսով, առանձին դեպքերում քաղաքացիները հրավիրվում են կենտրոններ: Ներկայացրեց, որ գործակալությունը շարունակում է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի իրականացումը տնտեսական գործունեության թույլատրելի ոլորտներում:
«Արդյունքում հունվար-մայիսին զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է թվով 1699 աշխատանք փնտրող անձ, որի 79.3 %-ը կանայք են, 38.5%-ը՝ երիտասարդներ, 4.8%-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք, 21.1%-ը՝ գյուղաբնակներ: Նրանցից 202-ը աշխատանքի է տեղավորվել գործատուին միավագ աջակցության, 4-ը՝ այլ վայրում աշխատանքի տեղավորման, 17 հաշմանդամություն ունեցող անձ՝ գործատուին մասնակի փոխհատուցման, 119 երիտասարդ՝ աշխատանքային պրակտիկայի ծրագրերի շրջանակում: Անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի միջոցով անասուն է ձեռք բերել 16 անձ: 970 անձ ապահովվել է ժամանակավոր աշխատանքով՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման՝ 107 անձ և սեզոնային զբաղվածության խթանման ծրագրերի միջոցով 863 անձ»,- ասաց Բեժանյանը:
Նա նաև ներկայացրեց, որ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորություն է տրվել 256 անձի: Նշեց նաև, որ փոքր բիզնեսի աջակցության ծրագրից օգտվելու ցանկություն հայտնած 33 անձ մեկամսյա հեռավար ուսուցման դասընթաց է անցնում գնումների ընթացակարգով ընտրված խորհրդատու կազմակերպություններից մեկում: Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող 52 կին մասնագիտական ուսուցում է անցնել գործատուի մոտ՝ աշխատավայրում, ևս 30-ը մասնակցել են բարեգործական, հասարակական կազմակերպություններից մեկի կողմից կազմակերպված մասնագիտական ուսուցման դասընթացներին:
Աշխատաշուկայում դրական դինամիկային միտված ծրագրերից մեկն էլ հիմնականում վերաբերում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների ցանկը լրացնելուն նոր՝ անտառների վերականգնման, անտառապատման, օգտագործման, խնամքի իրականացման աշխատանքներով: Կառավարությունն այն արդեն ընդունել է: Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ընդգծեց, որ 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությամբ՝ ընդունված որոշմամբ վերանայվել է նաև փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, անասնապահությամբ զբաղվելու համար աշխատաշուկայում անմրցունակ անձանց աջակցության տրամադրման առավելագույն չափերը, որը գործող կարգավորմամբ 1 մլն դրամ է։
«Վերանայման արդյունքում մինչև 1,350.0 հազ. դրամ կկազմի փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցությունը, իսկ 1,200.0 հազ. դրամ՝ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցությունը»,-ասաց Սարգսյանը՝ նշելով, որ վիճակագրական տվյալներ, թե մարտի 16-ից հետո որքան անձ է աշխատանքը կորցրել, և հիմնականում ո՞ր ոլորտի աշխատողներ են, դեռ չունեն:
Զբաղվածության պետական գործակալությաունից տեղեկացրին, որ աշխատանք կորցրածներից ոչ բոլորն են դիմում ու գործակալությունում հաշվառվում, բայց համավարակի պայմաններով ու արտակարգ դրությամբ պայմանավորված քչերն են այդ ընթացքում դիմել: Օրինակ, ապրիլին 490 աշխատանք փնտրողներ են դիմել հաշվառման համար, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում եղել են 1800-ը: Ասում է՝ պայմանավորված է նրանով, որ այս ժամանկահատվածում մարդիկ գիտեին, որ չէին կարող գալ կենտրոններ, աշխատատեղերում նոր ընդունելություններ չկային: Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը տեղեկացրեց, որ հունվար-ապրիլին 965 գործատուի կողմից ներկայացվել է 2493 չկրկնվող թափուր աշխատատեղ, որոնցից 544-ը` պետական, իսկ 1949-ը՝ մասնավոր հատվածից։
«Հունվար-ապրիլին գործակալության միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 3458 աշխատանք փնտրող»,- ասաց Բեժանյանը։
Տեղեկացրեց նաև, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԿԳՄՍ-ի միջև էլ այժմ ընթանում են ակտիվ քննարկումներ՝ առաջիկայում զբաղվածության կարգավորման 2020 թ. պետական ծրագրի շրջանակներում աշխատանք փնտրողների համար պլանավորված մասնագիտական ուսուցման դասընթացները հեռավար եղանակով կազմակերպելու ուղղությամբ: