Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) մարտի 23-ին հայտարարություն տարածեց, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված՝ մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը և աշխատանքային հարցերի հետ կապված մի շարք սահմանափակումները, անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրի այն քաղաքացիներին, ովքեր աշխատանքային իրավահարաբերություններից բխող իրենց հարցերը կներկայացնեն կազմակերպությանը:
ԻՀԱ ծրագրերի ղեկավար Սյուզաննա Սողոմոնյանը նշում է, որ մարտի 16-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում կառույցի իրավաբանները պատասխանել են քաղաքացիների 902 հարցի։
«Հարցերը տարատեսակ են եղել, մեծամասամբ վերաբերել են հակաճգնաժամային ծրագրերին՝ 902 հարցից 486-ը, պետական նպաստների և առհասարակ սոցիալական ոլորտի մասին 100-ից ավելի հարց ենք ստացել։ Սա թույլ է տալիս մտածել, որ իրականում քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման խնդիր ունենք, շատերն իրենց իրավունքները չգիտեն, ու հատկապես ճգնաժամային պահերին դա առավել շատ է զգացվում։ Հարկ է նշել, որ խորհրդատվության տրամադրման համար բավական ժամանակ է ծախսվում։ Հարցերից շատերը անհատական մոտեցում են պահանջում, և իրավաբանները որոշ դեպքերում մանրամասնորեն ուսումնասիրում են նրանց կողմից տրամադրված տվյալները՝ հարցին պատասխան տալու համար»,- նշեց Սյուզաննա Սողոմոնյանը։
Խորհրդատվություններ տրվել են ոչ միայն ԻՀԱ երևանյան գրասենյակի ուժերով, այլև մարզային գրասենյակների կողմից։ Կառույցի Վանաձորի, Շիրակի և Սյունիքի մարզի գրասենյակների համակարգողները ևս ներգրավվել են այս աշխատանքում։
Կառույցը քաղաքացիներից ստացել է ոչ միայն հարցեր, այլև դժգոհություններ ու առաջարկություններ։ Իրենց հարցերն են ուղղել ոչ միայն անհատները, այլև կազմակերպությունները։ Ընկերությունները իրենց հարցերն են ուղարկել նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Bizprotect.am ազդարարման հարթակի միջոցով։ Որոշ դեպքերում հարկ է եղել գրություն ուղարկել պարետատուն։
Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով՝ խորհրդատվությունը տրամադրվել և հիմա էլ տրամադրվում է անվճար. դրանով կառույցն աջակցում է թե՛ պետությանը, թե՛ հասարակությանը։