ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մի խումբ անձինք քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հաղորդում են տվել Facebook սոցիալական ցանցում «Narek Malian» անունով հանդես եկող օգտատիրոջ հակաօրինական գործողությունների վերաբերյալ։
Հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և 144-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
Հիշեցնենք՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանն ու ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել իրավապահներին:
Նրանք տեղեկացրել էին, որ Ֆեյսբուքի օգտատեր Նարեկ Մալյանը 2020 թվականի մայիսի 10-ին ֆեյսբուքյան գրառմամբ կյանքին սպառնալիք ներկայացնող հայտարարություններ է արել ու վերջնագիր ներկայացրել Հարություն Մարությանին, դստերը՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարությանին ու Հրանուշ Խառատյանին՝ պահանջելով նրանց հրաժարականը: