Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ հարցազրույց է տվել Երևանում Իտալիայի դեսպանատանը:
«Ռոմա» տեղափոխվելու առաջին իսկ օրից ինձ լավ եմ զգում, ակումբը, քաղաքը` ամեն ինչը հիանալի էր։ Լավ կլինի, որ այստեղ մնամ։ Հիմնական նպատակս Չեմպիոնների լիգան հաղթելն է, ու, իհարկե, խաղալը և տիտղոսներ նվաճելը»,- նշել է Մխիթարյանը։
Խոսելով Ա սերիայի մասին՝ Հենրիխը նշել է, որ ավելի հետաքրքիր է խաղալ:
«Ա սերիա՞ն, մարդիկ թերագնահատում են իտալական լիգան, բայց այստեղ ավելի հետաքրքիր է խաղալ։ Հնարավոր է, որ այստեղ նույն մակարդակը չէ, ինչ 20 տարի առաջ, բայց ես վստահ եմ, որ առաջնությունը ավելի լավն է դառնում, ու նախորդ տարվա տրանսֆերները դրա վկայությունն են։ Այնպես որ, իտալացի խելահեղ երկրպագուների համար խաղալը հաճույք է ինձ համար»,- նշել է Հենրիխը։
Խոսելով իր տարիքի մասին՝ 31-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ շատ ժամանակ չունի իր կարիերան ավարտելու համար, դրա համար պետք է առավելագույնն անի տիտղոս նվաճելու համար:
«Ես շատ ժամանակ չունեմ մինչև կարիերայիս ավարտը, բայց համոզված եմ, որ առավելագույնն եմ անում ավելիին հասնելու համար, քանի որ կարիերայիս ավարտից հետո բոլորը կհիշեն այն, ինչ արել եմ ակումբի համար, ինչ տիտղոս եմ նվաճել ակումբի հետ ու ինչպես եմ խաղացել։ Այնպես որ, շատ կարևոր է դրական նոտա թողնելը՝ ինչ-որ տիտղոս հաղթելով կամ էլ ակումբի համար մի լավ բան անելով»,- նշել է հավաքականի ավագը։
Մխիթարյանը նմանեցրել է հայերին ու իտալացիներին:
«Իտալացիները իրենց մտածելակերպով նման են հայերին, որը ինձ համար լավ է։ Ինձ շատ լավ եմ զգում իտալացիների շրջանում։ Իտալիայում շատ զվարճալի դեպքեր են տեղի ունեցել։ Բայց ամենազվարճալին, երևի թե, սեպտեմբերի 2-ին Իտալիա թռիչքիս ժամանակ էր։ Հսկիչը մոտեցավ ու հարցրեց ինձ. «Արդեն պայմանագիր կնքե՞լ ես «Ռոմայի» հետ», ես ասացի` ինչպես տեսնում եք, Հռոմ եմ մեկնում։ Երբ ժամանեցինք, ինձ շրջապատեցին լրագրողները, ու «Ռոմայի» մամուլի քարտուղարին հարցրի, թե ինչու են այս մարդիկ ինձ նկարում, չէ՞ որ ես դեռ պայմանագիր չեմ ստորագրել: Նա էլ պատասխանեց, որ Իտալիայում բոլորը խելագարվում են ֆուտբոլի համար, ու ես պետք է պատրաստ լինեմ նման բաներին»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը։