«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ խոստովանեց, որ ինքն էլ է դժվարությունների հանդիպում դիմակ կրելիս. գլխացավ է առաջացնում, անհարմար է, հաճախ շատ դժվար է շնչել:
«Բայց իրականում այս համաշխարհային անհարմարության իրավիճակը մենք կարող ենք հաղթահարել միայն միասին և բարձր գիտակցությամբ»,- նշեց Հայրապետյանը:
Իմքայլական պատգամավորի խոսքով՝ ինքը հետևել է հանրային տրանսպորտի աշխատանքին և տեսել է, որ մարդիկ պահում են պահանջված կանոնները:
«Բայց միևնույն ժամանակ իմ բնակարանին կից խանութներում գրեթե ընդհանրապես դիմակների առկայություն չկար»,- նշեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ պարետը ԱԺ-ում դեռ նշել էր, որ կարող են ինքնաշեն դիմակներ կրել, և հասարակ շարֆով բերանն ու քիթը փակելը կհամարվի ինքնաշեն դիմակ:
«Եթե մենք հասկանանք, որ մեզնից յուրաքանչյուրը իր փոքր քայլով, իր շարֆով փաթաթվելով, իր դիմակը կրելով, ձեռքերը ախտահանելով կարող է փրկել 10 հոգու վարակվելուց և հնարավոր մահերից՝ ես կարծում եմ՝ մենք կկարողանանք հաղթահարել սա»,- նշեց իմքայլական պատգամավորը: