Մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որ մեր ժողովուրդն ի՞նչ գնով դիմակ ձեռք բերի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելիս նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Եթե օրը երեք անգամ 200-230-դրամանոց դիմակ պետք է օգտագործենք, դա նշանակում է, որ մեկ հոգին օրը մոտավորապես 20 հազար դրամ է օգտագործում: Երեք հոգանոց, չորս հոգանոց ընտանիքը, ընդունենք՝ 60 հազար դրամ: Հիմա սա նորմա՞լ երևույթ է: Այդ գումարները կա՞ն, թե՞ չկան»,- նշեց Մելքումյանը:
Մելքումյանի խոսքով՝ արտակարգ դրության սկզբից դիմակի պահանջարկը կտրուկ աճեց՝ ավելացնելով նաև դրա գինը:
«Երբ արտակարգ դրության ժամանակ պարտադրում ենք մի բան, պետք է վերլուծես՝ առաջարկը ոնց է գալիս դրան: Կարա դիմակը 1000 դրամ էլ լինի, 10 հազար էլ լինի: Պիտի համակերպվե՞նք դրա հետ: Իհարկե՝ ոչ: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական դիմակի արտադրություն կա Հայաստանում: Պետք է հասկանալ՝ կարող է մի քանի օր հետո առաջարկն է ավելանում, գները սկսում են իջնել: Մեր նպատակն էն է, որ գները ժողովրդի համար մատչելի լինեն»,- նշեց Մելքումյանը: