Մայիսի 19-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ։
Գործընկերները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:
Գոհունակությամբ նշելով Հայաստանի և Եգիպտոսի միջև ընթացող երկխոսության դինամիկան՝ ԱԳ նախարարները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման ուղղությամբ քայլերը:
Ի թիվս այլ ուղղությունների՝ առանձնահատուկ ընդգծվել է դեղագործության, այլընտրանքային էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության ներուժի լիարժեք իրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում հայ և եգիպտացի գործընկերները կարևորել են նաև հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Արտգործնախարարներն անդրադարձել են նաև բազմակողմ շրջանակում, այդ թվում՝ Աֆրիկյան միությունում, ԵԱՏՄ-ում, ՄԱԿ-ում համագործակցության հարցերի։
Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Շուքրին մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, փոխադարձ հետաքրքրություն և միմյանց համար կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակի շուրջ՝ վերահաստատելով պատմական բարեկամության ավանդույթների վրա հիմնված միմյանց հետ սերտորեն համագործակցելու Հայաստանի և Եգիպտոսի պատրաստակամությունը: