ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի արտահերթ նիստում հանդես եկավ ելույթով: ԱԺ նախագահն իր խոսքը սկսեց հումորով՝ «Ես էսօր իմ վաճառողին խաբել եմ, փողը տվել եմ, ապրանքը չեմ վերցրել»: Միրզոյանը նշեց, որ պետք է պարզել, թե այս պատմության մեջ ով է ում խաբում և ինչու:
«Քննարկվում է հարցը, որ այս պարագայում դիմակ կրելը պարտադիր է, իսկ այս պարագայում կարող է դեմքին չլինել, բայց պայուսակում պետք է ունենա և այլն: Յուրաքանչյուր հնարամիտ մարդ անվերջ կարող է հնարել, մտածել իրավիճակ, թե ոնց կարող է ինքը խուսափել պատժվելուց, ոնց կարող է շրջանցի իրավական այս կարգավորումը: Լավ, հնարավոր է շրջանցել, իսկ հիմա հարց՝ իմա՞ստը: Այս պատմության մեջ ո՞վ ո՞ւմ է խաբում: Սա ինչո՞ւ է անում, որ տուգանի՞ մարդկանց, սա ճանապարհային երթևեկության կանո՞ն է: Ինչո՞ւ է սա Կառավարությունը անում, անում է, որ այդ մարդկանց պաշտպանի, որովհետև աշխարհում հարյուր տոկոսանոց պատասխան այս պահին չկա, թե դիմակը օգնո՞ւմ է, թե՞ ոչ: Երկուշաբթի առողջապահական կազմակերպությունները, այդ թվում՝ գլոբալ, ասում են՝ օգնում է, երեքշաբթի ասում են՝ բայց ոնց որ չի օգնում: Ոչ ոք չգիտի աշխարհում, բայց կա շանս, որ այս դիմակը կարող է օգնել փրկել մարդու կյանքը»,- նշեց Միրզոյանը:
ԱԺ նախագահը նշեց, որ Կառավարությունը պետք է ունենա գործիքներ, որ կարողանա ազդել արտակարգ իրավիճակում ընդունված որոշումները իրագործվեն:
«Համատարած 100 հազար դրամ պատիժ կիրառելը տեղին չէ, համաչափ չէ, անհարկի է և չի էլ կարող հանգեցնել պահանջված արդյունքին: Բերել են օրենքի նախագիծ, որտեղ 100 հազարը դարձնում են 10 հազար: Ինձ համար ակնհայտ էր առաջին իսկ վայրկյանից, որ սա վկայում է այն մասին, Կառավարությունն ունի մտադրություն սկսել լայնորեն կիրառել այս պատիժը»,- նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: