Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում կորոնավիրուսի դեմ ապակենտրոն պայքարի մասին խոսելիս նշեց, որ բոլորս լուրջ խնդրի առաջ ենք կանգնել, քանի որ լուրջ չենք վերաբերվում կորոնավիրուսին:
«Այսօր միջին մահացությունը մեր երկրում ավելի քիչ է, քան եղել է 2019-ի մայիսին: Բայց դա չէ էական, էական է, որ եթե մենք այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք հիվանդացության 10 հազար դեպք, իսկ հունիսի 12-ին կունենանք հիվանդացության 20 հազար դեպք, ինչը նշանակում է, որ մեր մահվան դեպքերը էականորեն կավելանան, որովհետև վերակենդանացման բաժանմունքները ամբողջությամբ լցված կլինեն պացիենտներով, և մենք մարդկանց ուղղակի չենք կարողանա օգնություն ցույց տալ»,- նշեց վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ դեպքերի մեծամասնությունն ասիմպտոմ է անցնում, ամենածանր բանը ասիմպտոմ հիվանդների մոտ հոտի և համի զգացողության կորուստն է:
«Եթե մենք այս դինամիկան չկոտրենք, տեմպը չփոխենք, մենք իսկապես շատ լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնելու, և ամեն օր մեր մոտ տասնյակ, կարող է նույնիսկ հարյուրավոր մարդիկ են մահանալու: Ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք կրկին մտցնել ամենախիստ սահմանափակումները: Բայց մենք հնարավորություն ունենք դա չանելու, և դա չանելու ձևը կրկին մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է»,- նշեց Կառավարության ղեկավարը՝ նկատի ունենալով պարետատան սահմանած կանոնների պահպանումը:
Վարչապետը նշեց, որ փողոցներում այսօր հանդիպել է մարդկանց, որոնք առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության պահպանման՝ շրջել են փողոցներում, կարծես ոչ մի բան տեղի չի ունեցել:
«Իմ կոչն է՝ առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվեք սոցիալական հեռավորությանը, առանց ախտահանելու ձեռքերը դեմքին չդիպչել, իրար հետ մոտիկից շփվելիս դիմակ կրել և իհարկե օգտվել միայն ախտահանված սպասքից»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարդկանց մոտ ի միջի այլոց վերաբերմունքի ձևավորման պատճառներից մեկն էլ կորոնավիրուսի մասին տարածվող միֆերն են:
«Առաջին օրից և դրանից առաջ էլ մենք ոչ մի տեղեկատվություն ձեզնից չենք թաքցրել: Դուք հարյուր տոկոսով իմացել եք այն, ինչ իմացել է Կառավարությունը»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց թաղումների անցկացման վրա, քանի որ մարզերում համավարակի բռնկման մի քանի դեպքերի պատճառ եղել են թաղումները:
«Պետք է հետևենք, որ բանկերում, խանութներում, դեղատները, որտեղ հաճախորդների մեծ հոսք կա, պահպանեն հերթի կանոնները, որ սոցիալական հեռավորությունը պահպանվի: Փակ տարածքներում առանց դիմակի որևէ մեկին չի թույլատրվում մտնել: Ավտոբուսներում, հասարակական տրանսպորտում առանց դիմակի պետք չէ մտնել, և մենք կիրառելու ենք լուրջ միջոցներ, տուգանելու ենք և գանձելու ենք տուգանքները, որովհետև սա արդեն ազգային անվտանգության և կանոնները պահպանելու հարց է»,- նշեց վարչապետը: