«Լսելով բոլոր պատգամավորների հայտարարությունները՝ կարող ենք արձանագրել, որ բովանդակային առումով նրանք դեմ չեն նախագծի ընդունմանը, մտահոգությունները վերաբերում են այլ հարակից հարցերի»,- ԱԺ ամբիոնից ասաց արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում փոխնախարարը հիշեցրեց Սոկրատեսի խոսքը, որ իմաստուններն օրենքների կարիք չունեն: Ասաց, որ, այո՛, եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեն, որ բոլոր քաղաքացիներն իմաստուն են, և կարիք չկա պատասխանատվության միջոց սահմանելու, բոլորը կանոններին կհետևեն, ապա նման օրենքի անհրաժեշտություն առհասարակ չէր լինի:
Անդրադառնալով դիմակների կրման պարտադիր պահանջին՝ Դանիելյանը շեշտեց, որ պարետատունը հաշվի է առել համաշխարհային փորձը, նաև այս փուլում գիտական նվաճումները:
Նա խոսեց նաև այն մտահոգության մասին, թե ինչպես է ստացվում, որ նախկինում, եթե երեք հոգի նույն մեքենայում էին լինում՝ տուգանում էին, իսկ հիմա հանրային տրանսպորտում երեքից ավելի մարդիկ են օգտվում, ու չկա տույժ: Փոխնախարարը շեշտեց, որ դրանք համադրելի իրավիճակներ չեն, քանի որ սկզբում կառավարությունը խիստ միջոցներ էր ձեռնարկում վիրուսի տարածման կանխման համար՝ տնտեսական գործունեության առանձին տեսակներ արգելելով: «Այն խնդիրը, ինչը դրել էր կառավարությունը վարակի տարածման նախնական փուլում ու հիմա՝ դրանք կարող են տարբեր լինել՝ կախված վարակի տարածման մակարդակից ու մեթոդներից, որ կիրառվում են»,- ասաց Դանիելյանը: