«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ բաց տարածքում դիմակի առկայության մասին ձևակերպումը խառնաշփոթ կառաջացնի, և մարդկանց մեծ մասը նորից հասկանալու է, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Պատգամավորը ցանկացավ, որ հստակեցվի հանրության համար այդ պահանջը:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն արձագանքելով՝ նշեց, որ համաձայն չէ, որ ձևակերպումը խառնաշփոթ է առաջացնում: «Եթե նկատի ունեք, որ պարզ չէ, թե անձը պետք է կրի դիմակ, թե ոչ, ապա դա կարգավորվում է մեկ այլ իրավական ակտով՝ փոխվարչապետի որոշմամբ: Եթե դուք կարծում եք, որ այնտեղ իրավական որոշակիութան խնդիր կա, և հասարակությանը ևս մեկ անգամ պարզաբանելու հարց՝ դա այլ խնդիր է: Մեր առաջարկած իրավակարգավորումը դրան չի վերաբերում»,- ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով արտակարգ դրության ժամանակ կիրառված նախորդ տուգանքներին՝ փոխնախարարն ասաց, որ դրանք ուժի մեջ են, այդ հարցը հնարավոր է քննարկվի: