Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցներն ու քննարկումները հայազգի հայտնի գործիչների ու գործարարների, տարբեր ոլորտների մասնագետների հետ, ովքեր տարբեր երկրներում և ընկերություններում ընդգրկված են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, այդ թվում՝ պատվաստանյութի մշակման աշխատանքներում: Այդ շրջանակում Հանրապետության նախագահը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ:
Ամերիկյան Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը Նուբար Աֆեյանն է, ակտիվ աշխատանքներ է իրականացնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ: Կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքում արդեն իսկ ստացվել են նախնական տվյալները:
Այդ մասին Նուբար Աֆեյանը տեղեկացրել է նախագահ Սարգսյանին, նշելով, որ պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ է անցել։ Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Նուբար Աֆեյանին իր ձեռնարկներում՝ ակնկալելով, որ փորձի ու գիտելիքի համադրությունը կհանգեցնի դրական արդյունքների:
Հանրապետության նախագահն ու ամերիկահայ գործարարը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում համավարակի հետ կապված իրավիճակի և դրա հետևանքների հաղթահարման հնարավորությունների և ուղիների շուրջ: Նախագահն ընդգծել է համատեղ ուժերով իրավիճակը հաղթահարելու կարևորությունը՝ նշելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր դուրս գալ այս նոր փորձությունից: