«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ազգային ժողովում, անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական նախագծին, ասաց, որ կորոնավիրուսի համաշխարհային համավարակն անկանխատեսելի է, և այդ պարագայում ճկուն մոտեցումներ են դրսևորվում:
«Իրավիճակից ու տարածումից ելնելով՝ նախապես ընդունված որոշումները պարբերաբար կարող են կրել որոշակի փոփոխություններ՝ խստացվել ռեժիմները կամ ավելի թուլացվել: Այսօրվա նախագիծն այն մասին է, որ դիմակները կրելը փակ տարածքներում պարտադիր է, և դա չանելու դեպքում հետևելու է ֆինանսական տույժ»,- ասաց Մակունցը՝ ընդգծելով, որ բաց տարածքներում դիմակ ունենալը նույնպես պարտադիր է, բայց կրելը՝ ոչ:
Մակունցն ընդգծեց, որ պարտադիր չէ գնել գործարանային դիմակ, բավարար է այն պատրաստել տանը կամ օգտագործել ցանկացած պարագա, որը կարող է դեմքը փակել: Պատգամավորն անդրադարձավ նաև դիմակների գների խնդրին, նշելով. «Ես կարծում եմ՝ կարելի է առաջարկել ՏՄՊՊՀ-ին, որը պատասխանատու է այդ գործառույթի համար, կատարել ուսումնասիրություն: Իրենց լիազորությունների շրջանակում իրականացնել գործողութուններ, և հանրությանն այդ մասին իրազեկել: Յուրաքանչյուր խմբակցություն կարող է հրավիրել ներկայացուցիչներին և ստանալ պարզաբանումներ»: