ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ արտահերթ նիստում անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների օրեցօր ավելացող թվերին՝ նշեց, որ դիտարկումների անհրաժեշտություն կա:
«Մեր մեծագույն ձախողումը համավարակի վերաբերյալ պատճաշ և համարժեք հաղորդակցությունը հանրության հետ և քարոզչությունը համապատասխան իրականացնելու պատշաճ ծավալից հրաժարումն էր կամ չկատարումը պատշաճ մակարդակով: Կարծում եմ՝ այդ ուղղությամբ պետք է ուժեղացնել հիմնական ջանքերը: Եվ, իհարկե, դավադրապաշտական այն ամբողջ քարոզչական արշավը, որը տարբեր երկրներից նաև մեր հայրենակիցների ուղիղ ներգրավմամբ և մասնակցությամբ տեղ ունի մեզանում, և, ինչու ոչ, նաև տեղական մասնագետներ հանդես են գալիս և խայտառակ կերպով խոսում այն մասին, որ սա կազմակերպված, համաշխարհային ինչ-որ կենտրոններից ուղղորդվող գործընթաց է, որ այս հիվանդությունը իրականում բոլորովին այլ նպատակներ է հետապնդում: Կուզեի՝ Կառավարությունը դիտարկեր այդպիսի քարոզչությամբ զբաղվողներին ընդհանրապես քրեական պատիժ սահմանելու հնարավորության մասին»,- նշեց Բաբաջանյանը:
Պատգամավորը նշեց, թե եվրոպական երկրներում բաց և փակ տարածքներում որքան է դիմակ չկրելու տուգանքի չափը:
«Օրինակ՝ Գերմանիայում 25-ից մինչև 10 հազար եվրո տուգանք է սահմանված, եթե պատշաճորեն այն չի կիրառվում: Նույն եվրոպական երկրների ուսումնասիրությամբ՝ մեկ միլիոն բնակչություն ունեցող երկրների հաշվով 10 անգամ պակասում է վարակը, եթե բաց և փակ տարածքներում պատշաճ կրում են դիմակը»,- նշեց Բաբաջանյանը՝ նկատելով, որ դիմակների կրումը մեզ թույլ կտա կառավարելի դարձնել իրավիճակը մեր երկրում: