Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ 87 կողմ ձայնով ընդունվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական նախագիծը:
Հիշեցնենք, որ նախագծով սահմանվում է ազատ տեղաշարժվելու պայմանները խախտելու համար 10.000 դրամ տուգանք՝ գործող 100 - 250 հազար դրամի փոխարեն: Մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների խախտման համար սահմանված տուգանքի չափը շարունակում է մնալ նույնը:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ քննարկումների արդյունքում ստացել են առաջարկություններ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանից, Սուրեն Գրիգորյանից, Վլադիմիր Վարդանյանից: Տեղեկացրեց, որ այդ առաջարկությունների հիման վրա նախագիծը խմբագրվել է: Առաջարկվում էր, որ հետադարձ ուժ կիրառվի, և այս դրույթը տարածվի նաև նախկինում 100-250 հազար դրամ տուգանք կիրառված դեպքերի վրա:
Փոխնախարարը շեշտեց, որ այժմ գործում է ընդամենը մեկ պահանջ՝ բաց տարածքներում դիմակի առկայությունը, որը չի նշանակում, որ անձը պարտավոր է կրել դիմակը, պարզապես բավարար է, որ այն ունենա իր մոտ: Հիշեցրեց, որ նախկինում որպես պահանջ եղել է տեղաշարժման թերթիկ ունենալը, իսկ պատասխանատվության չափը եղել է 100-ից մինչև 250 հազար դրամ:
«Այս նախագծով մենք կարգավորել ենք, որ եթե նախկինում անձը ենթարկվել է 100-250 հազար դրամի չափով տուգանքի, ապա եռամսյա ժամկետում կվերանայվեն այդ վարչական ակտերը, և կսահմանվի 10.000 դրամ: Այն անձինք, որոնք արդեն իսկ վճարել են սահմանված տուգանքը, ապա այդ անձանց կվերադարձվի 10 հազարից ավելի վճարված գումարը»,- տեղեկացրեց Դանիելյանը: