Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ են ներկայացրել քաղաքացիներ և խնդրել Պաշտպանի աջակցությունը բեռնատարներով Իրանից Հայաստան պետական սահմանը հատելու հարցում։
Ըստ ահազանգի՝ մի շարք բեռնատարներ վարորդներով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության սահմանագծի մոտ, և 3-4 օր է չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ 300-ից ավելի բեռնատար մեքենաների հերթեր են գոյացել: Քաղաքացիները հավելել են, որ իրանական կողմի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հայկական կողմը չի ընդունում բեռնատար մեքենաներ, սակայն, իրենց պնդմամբ, գիշերային ժամերին թույլատրում են իրանական համարանիշներով մեքենաներին մուտք գործել ՀՀ տարածք:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խնդիրը ներկայացրել է պարետատան իրավասու ներկայացուցչին, քննարկվել են հարցի լուծման ուղղությունները։ Համագործակցության արդյունքում մի շարք վարորդներ հնարավորություն են ստացել բեռնատար մեքենաներով մուտք գործել Հայաստանի Հանրապետություն` տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը: