Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման կատարումը։
Մայիսի 18-ին հանրապետության ողջ տարածքում վերսկսվեց կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հասարակական տրանսպորտի գործունեությունը։
Պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ, ընդ որում՝ արգելվում է հավելյալ ինքնաշեն նստելատեղերի ավելացումը։
Կանգնած ուղևորներ կարող են տեղափոխել բացառապես 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցները։ Կանգնած ուղևորների միջև պետք է պահպանվի առնվազն 1 մետր հեռավորություն։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ, որպեսզի ուղևորներն ախտահանեն ձեռքերը։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։
Շահագործվող բոլոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներում, ուղևորներին տեսանելի հատվածներում, պարտադիր պետք է փակցվեն այդ մասին տեղեկատվական թերթիկներ։ Անվտանգության կանոնների խախտումները կառաջացնեն օրենքով սահմանված պատասխանատվություն։
Մայիսի 18-ի վաղ առավոտից այս ամենի մասին ուղևորներին ու վարորդներին հիշեցնում են ինչպես կանգառներում, այնպես էլ շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանները։
Հայտնաբերվեց մի քանի հասարակական տրանսպորտային միջոց, որոնց մեջ կային առանց դիմակի անձինք։ Ուղևորներն իջեցվեցին, իսկ ավտոբուսները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։
Արտակարգ ռեժիմով ծառայության են անցել նաև Երևանի մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները։ Նրանք հետևում են, որ մետրոյից օգտվեն բացառապես պաշտպանիչ դիմակ կրող անձինք։
Հետևում են նաև, որ կայարաններում և վագոններում մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորություն։
Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին՝ խստորեն պահպանել անվտանգության կանոնները, դա բխում է բոլորիս շահերից։