Այսօր շուրջ երկու ամսվա դադարից հետո աշխատանքն է վերսկսում հանրային տրանսպորտը, որում ոչ միայն դիմակ, այլև ձեռնոց կրելը պարտադիր է և՛ ուղևորների, և՛ վարորդների համար: Արգելվում է հանրային տրանսպորտի երթևեկը, եթե կանգնած ուղևորներ կան, բացառությամբ 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների, խոսքը տրոլեյբուսների մասին է:
Այսօրվանից բոլոր փակ տարածքներում պարտադիր կլինի դիմակ կրելը, իսկ բաց վայրերում պարտադիր է լինելու դիմակի առկայությունը:
Այսինքն՝ բաց տարածքում քաղաքացին իր հետ պետք է դիմակ ունենա, բայց կրելը պարտադիր չէ: Բաց տարածքից փակ տարածք մտնելու դեպքում՝ պետք է քաղաքացու մոտ առկա դիմակն արդեն կատարի իր պաշտպանիչ գործառույթը: Այդ իսկ պատճառով բաց վայրերում դիմակի առկայությունն է պարտադիր և ոչ կրումը:
Այսօր իրենց աշխատանքն են վերսկսել նաև նախակրթարանները, առևտրի կենտրոնները, սպորտային ակումբները: Առանց դիմակ չի թույլատրվի առևտուր անելը, անգամ՝ մարզասրահ և գեղեցկության սրահ մտնելը։ Պաշտպանիչ դիմակները պարտադիր են նաև մանկապարտեզներում՝ դրանք 3-4 ժամը մեկ փոխելու պարտադիր պայմանով:
Այսօր վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը: Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:
Հանրային սննդի վայրերում միայն անձնակազմն է պարտավոր մշտապես դիմակ կրել։
Ոստիկանությունը հետևելու է կանոնների պահպանմանը, իսկ խախտողների նկատմամբ վարչական տուգանքներ է կիրառելու՝ 100-250 հազար դրամի չափով։