Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը տեղեկացրեց, որ այժմ քննարկում են մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, գրադարանների և այլ կազմակերպությունների գործունեության հարցը և մշակում նորմերը:
«Պարետի որոշման մեջ կա այն կանոնակարգը, որով պետք է առաջնորդվեն մշակութային կազմակերպությունները: Գրադարանների մասով դեռ ոչինչ չկա, բայց թատրոնները և այն թանգարանները, որոնք գործում են բացօթյա, հնարավորություն ունեն աշխատելու: Թատրոնները, միայն փորձերի տեսանկյունից, առավելագույնը 10 մարդու ներգրավվածությամբ կարող են աշխատել՝ ամբողջական կանոնները պահպանելով»,- ասաց Վիրաբյանը:
Փոխքաղաքապետը տեղեկացրեց նաև, որ կան կազմակերպություններ, որոնց ընդհանուր բյուջեն գոյանում է ոչ միայն պետության սուբսիդիայով: Դա կարող է լինել նաև նրանց սեփական եկամուտներով, օրինակ՝ թատրոնների ու թանգարանների դեպքում տոմսերի վաճառքը: Վիրաբյանը շեշտեց, որ շատ դեպքերում աշխատավարձի ֆոնդերում ունենում են խնդիրներ, և այն կազմակերպություններին, որոնք չեն կարողանում ձևավորել արտաբյուջե ու գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ, Երևանի քաղաքապետարանը կֆինանսավորի, որպեսզի հնարավորություն ունենան աշխատակիցներին 100 տոկոսով վճարել աշխատավարձը:
Հիշեցնենք, որ այսօրվանից գործում է նաև Երևանի կենդանաբանական այգին՝ անվտանգության կանոնները պահպանելով: