Ապրիլյան քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին արդեն երկրորդ անգամ մասնակցում էր վարչապետի խորhրդական Արշակ Կարապետյանը, որ 2016 թ. պատերազմական օրերին զբաղցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետի պաշտոնը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մեկնաբանելով Կարապետյանին երկրորդ անգամ հրավիրելու փաստը, տեղեկացրեց՝ եթե կրկին կանչել են, նշանակում է՝ վերլուծությունների արդյունքում հարցեր են առաջացել: Եվ հանձնաժողովի այսօրվա նիստում հանգամանորեն ճշտվել են այդ հարցերը:
«Հաջորդը, ում հրավիրել ենք՝ Էդվարդ Նալբանդյանն է: Այս պահի դրությամբ տվել է համաձայնություն, որ կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին»,- ասաց Քոչարյանը՝ շեշտելով, որ այժմ քննարկում են նախկին նախարարի մասնակցության ձևաչափը: Նախատեսվում է, որ քննիչ հանձնաժողովի նիստը կանցկացնեն մայիսի 26-ին կամ 27-ին:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանին ևս մտադի՞ր են հրավիրել հանձնաժողով, Քոչարյանը ասաց. «Եթե հանձնաժողովը հարցեր ունենա Արցախի Հանրապետության նախագահին, ապա Բակո Սահակյանը բազմիցս ասել է, որ պատրաստ է պատասխանել հանձնաժողովի հարցերին»:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ինքը Բակո Սահակյանին ունի մի քանի հարց:
Քննիչ հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ այս պահի դրությամբ կարևոր խնդիր է շարունակում մնալ գեներալ, գնդապետ Յուրի Խաչատուրովի մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին: Քոչարյանը հիշեցրեց, որ նա մինչև հունիսի 4-ը ժամանակ ունի գալու և մասնակցելու:
«Պարոն Կարապետյանին երկրորդ անգամ հրավիրելը նաև կապված է պարոն Խաչատուրովի չգալու հետ»,- շեշտեց Քոչարյանը: